Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ահաբեկչությունը որևէ ընդհանուր բան չունի կրոնի, սուրբ գրությունների, ազգային պատկանելության ու արժեքների հետ:
Նրա խոսքով՝ օրեր առաջ ահաբեկիչների թիրախ է դարձել Ստամբուլը, իսկ վաղը նրանց թիրախում կարող է լինել Լոնդոնը, նախօրեի երեկոյան անմեղ մարդկանց կյանքի հանդեպ ոտնձգություն են գործել սուրբ հողերում՝ Մեդինայում:
«Ահաբեկչությանը հակազդելը միայն Թուրքիայի պայքարը չէ: Այն համայն աշխարհի, ողջ մարդկության պայքարն է: Այդ պատճառով էլ մենք պետք է այդ պայքարը մղենք միմյանց հետ համագործակցելով:
Ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է: Դա պայքար է հանուն Թուրքիայի կայունության, զարգացման ու ապագայի: Մենք անում ենք ամեն հնարավոր բան, որպեսզի ահաբեկչության թեման գտնվի մեր երկրի օրակարգի ցուցակի վերջնամասում»,- ասել է նա:










































