Ռուսաստանի և Թուրքիայի ազգային արմատական շահերը երկարաժամկետ հեռանկարում չեն համընկնում, դրանք հակոտնյա շահեր են: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող գործընթացը շատ օրինաչափ է, քանի որ կան տարածաշրջանային բնույթի շատ խնդիրներ, որոնց շուրջ մարտավարական տեսանկյունից այդ երկու պետությունների շահերը համընկնում են:
«Երկու պետություններում էլ խոշոր հաշվով անձնակենտրոն և կոնսոլիդվացվող իշխանություններ են, այդ առումով և՛ նախագահ Էրդողանը Թուրքիայում, և՛ Պուտինը Ռուսաստանում ունեն ուժեղ աջակցություն հասարակության ներսում, ուժեղ քաղաքական գործիչներ են, և առաջնորդների այս տիպաբանական հանգամանքը ևս, իմ կարծիքով, երկրորդական, աննշան գործոն չէ»,- նշեց Ս. Ֆարմանյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավորը ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացմամբ պայմանավորված մտահոգություն չունի. «Ասել, որ ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնումը կամ հնարավոր հետագա խորացումը անպայմանորեն պետք է հանգեցնի մեր շահերի ոտնահարմանը, դա այդպես չէ, սակայն ռիսկերը իսպառ բացառելը ևս ճիշտ չի լինի, նման ռիսկեր միշտ կարող են լինել»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































