Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ից օգնություն են խնդրել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում իրականացված ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Ահմեդ Չատաևին բռնելու համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցչին:
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ հետախուզական ծառայության ներկայացուցիչները Թուրքիայի հատուկ ծառայություններին հայտնել են, որ հնարավոր է՝ Չատաևն է կանգնած Ստամբուլի օդանավակայանի եռակի ահաբեկչությունների հետևում: Ենթադրվում է, որ նա գործել է չեչենական հանցախմբի կազմում:
Թուրքիայի իշխանությունները Չատաևին հրապարակավ դեռևս չեն հայտնել ահաբեկչության կասկածյալ:
Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ, ծագումով Չեչնիայի Վեդենի շրջանց Ահմեդ Չատաևը ապրել է Վրաստանում, ստացել վրացական քացաքացիություն և 2015 թվականին մեկնել է Սիրիա՝ լրագրողներին հայտնել է Վեդենի ոստիկանության պետի տեղակալ Աբուֆեթ Մուհադինովը:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով դատախազության աղբյուրին, հայտնել են, որ ահաբեկչությունը կազմակերպել են ռուսական Դաղստանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի մահապարտները, ովքեր օդանավակայանի վրա հարձակումը նախապատրաստել են Ստամբուլի Ֆաթիհ շրջանում վարձակալած բնակարանում:








































