Քրիստոնյա դեռահաս աղջիկը, ով Պակիստանում մեղադրվում է Ղուրանի պղծման մեջ, ներկայում իր ընտանիքի հետ գտնվում է Կանադայում: Այդ մասին հայտնել է Կանադայի ներգաղթի հարցերով նախարար Ջեյսոն Քեննին, տեղեկացնում է Associated Press-ը:
Ռիմշա Մասիխը կալանավորվել էր 2012 թ. օգոստոսին զայրացած ամբոխի պահանջով, որը սպառնում էր այրել Իսլամբադի արվարձանում քրիստոնեական համայնքի տներն այն բանից հետո, երբ մուսուլման հոգևորականն աղջկան մեղադրեց Ղուրանն այրելու մեջ:
Քրիստոնյա համայնքի ներկայացուցիչները հայտնել էին, որ աղջիկը տառապում է մտավոր հետամնացությամբ, սակայն դա աղջկան չէր փրկել կալանքից:
Ավելի ուշ դատարանը մուսուլման քարոզչին մեղադրել էր ապացույցների կեղծման մեջ, իսկ երեխան արդարացվել էր: Այս դեպքի կապակցությամբ միջազգային հանրության ուշադրությունը գրավել էին Պակիստանում կրոնի հարցերում կիրառվող խիստ օրենքները։
Չնայած դատարանի արդարացնող վճռին՝ աղջկա ընտանիքը որոշեց հեռանալ երկրից, քանի որ Պակիստանում առկա է կրոնական մոլեռանդների կողմից հաշվեհարդարի ենթարկվելու ռիսկը, որոնք հաճախ հարձակվում ու սպանում են աստվածապղծության մեջ մեղադրվող մարդկանց:







































