Հայտարարելով, թե սկսում են Թուրքիայի հետ հաշտության գործընթաց, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը նաև հայտարարեց այդ երկրի հետ գժտության հետևաքնով սահմանված առևտրային սահմանափակումները չեզոքացնելու մասին: Ռուսաստանցիներին արդեն թույլատրվում է հանգստանալ Թուրքիայում: Շուտով ռուսական շուկան կբացվի նաև թուրքական գյուղմթերքի առաջ:
Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ առանձնազրույց ունենալով Սերժ Սարգսյանի հետ, Պուտինը որպես հայ-ռուսական տնտեսական գործակցության, ինչպես նաև ԵՏՄ տնտեսական էֆեկտ նշել էր հայկական գյուղմթերքի աճը ռուսական շուկայում: Դրանից մի քանի օր անց սկսվեց ռուս-թուրքական հաշտությունը, որի առաջին հարվածը կստանան հենց հայկական գյուղմթերք արտահանողները:
Բանն այն է, որ ռուսական շուկայում հայկական գյուղմթերքի աճը պայմանավորված չէր ԵՏՄ-ով կամ ռուս-հայկական տնտեսական կապերով, ինչի մասին հեքիաթներ են պատմում Պուտինն ու հայաստանցի շատ պաշտոնյաներ: Այդ աճը պայմանավորված էր նրանով, որ Մոսկվան Թուրքիայի հետ գժտվելուց հետո արգելեց այդ երկրի գյուղմթերքի մուտքը Ռուսաստան: Այժմ, երբ այդ մուտքը ամենայն հավանականությամբ կբացվի մոտ ապագայում, հայկական գյուղմթերքը կստանա լուրջ մրցակից, կամ ավելի շուտ կվերականգնվի մրցակցային այն արգելքը, որ կար նախկինում: Իսկ հաշվի առնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք հանգամանքներ՝ պետք է խոստովանել, որ հայկական գյուղմթերքը թուրքականի համեմատ ներկայումս, մեղմ ասած, մրցունակ լինել չի կարող: Այն թուրքականի համեմատ մրցունակ չէ նույնիսկ հայկական շուկայում, ուր մնաց ռուսական:
Ինչ խոսք, ռուս-թուրքական հաշտություն կոչվածը Հայաստանի համար պարունակում է շատ ավելի սպառնալից ու վտանգավոր հեռանկարներ, քան լոկ գյուղմթերքի համար ռուսական շուկայում հնարավոր խնդիրները: Ինչ խոսք, տնտեսական ծանր կացության մեջ գտնվող Հայաստանի համար դա էլ քիչ խնդիր չէ, բայց ռուս-թուրքական հաշտությունը Հայաստանի համար պարունակում է պարզապես ֆիզիկական գոյությանը սպառնացող բազմաթիվ մարտահրավերներ:
Ողջ խնդիրը, սակայն, այն է, որ Հայաստանի իշխանության ուշադրությունն անկասկած գրավելու է հենց այս խնդիրը: Եվ ոչ այն պատճառով, որ իշխանությունը տոգորված է տնտեսական զարգացման հեռանկարներով և ամեն ինչ կանի ամեն մի տնտեսական դրվագի համար: Այստեղ Հայաստանի կառավարությունը վաղուց ցրել է հնարավոր բոլոր պատրանքները՝ այն մանևրներով, որ մայիսի 12-ից ի վեր Հովիկ Աբրահամյանն ու իր նախարարները կատարում են մենաշնորհների և օլիգոպոլիաների արանքում, այնպես, որպեսզի հանկարծ մատի ծայրով անգամ չդիպչեն նրանց:
Խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանի կառավարության անդամներից շատերը հենց որոշակի նյութականացված հետաքրքրություններ ունեն գյուղմթերքի Ռուսաստան արտահանման գործում, կամ մարդիկ, որոնք իշխանական համակարգից են և ունեն իրենց հետաքրքրությունները սպասարկող բարձրաստիճան պաշտոնյաներ: Ահա այս պատճառով էլ Հայաստանի իշխանության համար ռուս-թուրքական հաշտեցման հենց այս մարտահրավերն է ամենայն հավանականությամբ լինելու գլխավորը, այսինքն՝ այն մարտահրավերը, որը հարվածելու է իրենց գրպանին անմիջապես, ոչ թե պետությանը:







































