Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ չեղյալ են հայտարարվում Թուրքիայի նկատմամբ սահմանափակումները, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը: Այդ մասին հայտնել է RIA Novosti-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնության նախագահի 2015 թվականի նոյեմբեր 28-ի № 583 հրամանագրում փոփոխություններ մտցնելու մասին»: Հաղորդագրությունում նաև նշված է, որ տվյալ հրամանագիրը ուժի մեջ կմտնի պաշտոնապես հրապարակվելու օրվանից:
Այսօր ելույթ ունենալով Ռուսաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ խորհրդակցությունում՝ Պուտինն ընդգծել է, որ մոտակա ժամանակներում Մոսկվան միջոցներ կձեռնարկի Անկարայի հետ երկկողմանի համագործակցության վերականգնման համար: Իր հերթին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ պատժամիջոցների հանումը կլինի փուլերով:




































