Պարսից ծոցի մի շարք արաբական երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Եգիպտոս մեկնելուց: Այս կոչերը պայմանավորված են Եգիպտոսի նախագահի կողմնակիցների և հակառակորդների միաժամանակյա զանգվածային ակցիաներով:
«ԱՄԷ-ի ԱԳՆ-ը կոչ է անում իր քաղաքացիներին առանց ծայրահեղ անհրաժեշտության Եգիպտոս չմեկնել»,- ասվում է արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ: Նրանց, ովքեր արդեն գտնվում են Եգիպտոսում, Էմիրությունների դիվանագետները խնդրում են խուսափել մարդկանց զանգվածային հավաքատեղիներից և երկրում անկայուն իրավիճակից ելնելով՝ առաջին իսկ հնարավորության դեպքում լքել այն:
Կահիրեում ԱՄԷ-ի դիվանագիտական ներկայացուցչությունում օպերատիվ շտաբ է ստեղծվել, որն իր քաղաքացիներին հայրենիք վերադառնալու հարցերով շուրջօրյա խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում:
Իր հերթին, ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ կիրակի օրը Կատարն իր քաղաքացիներին տարհանելու նպատակով ինքնաթիռ է ուղարկել Եգիպտոս, որից հետո այդ երկրի տասնյակ հպատակներ Եգիպտոսից դուրս գալու խնդրանքով դիմել են իշխանություններին:
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ երկու օրով փակում է Կահիրեում իր դեսպանատունը:








































