Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հուլիսի 4-ին Երևանում կայանալիք նիստում հայտարարություն կընդունեն «Սիրիայի և նրա շուրջ տիրող իրադրության վերաբերյալ»: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
Պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև միջազգային ասպարեզում ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցության հրատապ խնդիրները: ԱԳ նախարարները կքննարկեն մինչև 2025 թվականն ընկած ժամանակաշրջանում ՀԱՊԿ-ի ռազմավարության նախագիծը և միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդման արտաքին քաղաքական ասպեկտները: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Սպասվում է, որ ՀԱՊԿ-ի ԱԳՆԽ-ն կընդունի «Սիրիայի և նրա շուրջ տիրոջ իրադրության վերաբերյալ» ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը, որը նախաձեռնել է ռուսական կողմը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Նաև ծրագրվում է ԱԳՆԽ-ի որոշումներ ստորագրել միջազգային կազմակերպություններին առընթեր ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներին կոլեկտիվ ցուցումների ակտուալացման և 2016 թվականի երկրորդ կիսամյակում-2017 թվականի առաջին կիսամյակում կազմակերպության անդամ պետությունների արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչների խորհրդակցությունների պլանի վերաբերյալ:







































