Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիան ու Իսրայելը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որն առնչվում է հարաբերությունների կարգավորմանը:
Դրանով իսկ տրվել է հարաբերությունների կարգավորման պաշտոնական մեկնարկը: Հուշագիրը ստորագրել են Թուրքիայի ու Իսրայելի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ Ֆերիդուն Սինիրլիօղլուն ու Դորե Գոլդը:
Հուշագիրը Թուրքիայում դեռ պետք է հավանության արժանանա խորհրդարանի կողմից, ինչից հետո երկու երկրների դեսպանները կվերադառնան իրենց աշխատավայրեր:
Սրանից առաջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման շրջանակներում Իսրայելը 20 միլիոն դոլարի փոխհատուցում է վճարելու «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ զոհվածների ընտանիքներին և մեղմացնելու է Գազայի հատվածի շրջափակումը:









































