Քարաթափման հետևանքով Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես փակ է: Ստեփանծմինդայից մինչև Ռուսաստանի սահման տեղ-տեղ քարաթափումներ են: Թերեկ գետի վարարման պատճառով ջրածածկման վտանգ կա: Ճանապարհը բացելու աշխատանքներն առնվազ մեկ շաբաթ կտևեն:
Վերին Լարսը Ռուսաստանի շուկա տանող միակ ցամաքային ճանափարհն է: Վերին Լարսի փակ լինելը բերքի արտահանման թեժ շրջանին հայ արտահանողներին փաստի առաջ է կանգնեցրել: Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց ստեղծված վիճակի առիթով՝ ընդգծելով, որ այս վիճակն առաջնահերթ հարվածում է Փոքր ու միջին ձեռնարկություններին, քանի որ մեծ ընկերությունները գտել են ելքը նման իրավիճակներում:
«Նրանք Փոթիով լաստանավով բեռը տեղափոխում են «Պորտ Կավկազ», իսկ այդ խոշորներից մեկը՝ «Սպայկա» ընկերությունը, հիմա երկու նավ է վարձել և ռեյսեր է կազմակերպում Փոթիից, Բաթումից դեպի «Պորտ Կավկազ»: Այդ երկու նավը վերցնում են միայն մեծ մեքենաներ՝ Սպայկայի մեքենաներից, իսկ փոքր՝ 5-6 տոննայանոց մեքենաները չեն տեղափոխվում: Նման իրավիճակներում փոքրերը տուժում են: Դրա համար էլ այսօր մեր խեղճ գյուղացին տուժում է իր խեղճ լինելու պատճառով»,- ասաց Մխչյանը:
Նրա խոսքով՝ մշտապես քննարկվում են այլընտրանքային լուծումներ, որը կօգնի նման իրավիճակներից դուրս գալու համար, բայց լուծում դեռ չկա: «Մենք ամառ-ձմեռ այս խնդիրն ունենք: Եղանակի դաժանության պատճառով այդ ճանապարհը փակվում է: Անցած տարի ծանրաբեռնվածության պատճառով էր փակ, երբ թուրքական մեքենաները ուղևորվում էին Ռուսաստան: Այս տարի այդ ծանրաբեռնվածությունը չկա, բայց արի ու տես՝ այս աղետը, այն էլ՝ այն պահին, երբ բերքի՝ ծիրանի ամենալավ ժամանակն է, մեր գյուղացին հնարավորություն ուներ մի քիչ իրեն լավ զգալու՝ կամուրջը փլվեց: Այսպիսի դեպքերի ժամանակ մեր ԱԻՆ-ը Վրաստանի ԱԻՆ-ի հետ պետք է լուծումներ գտնի, որոնցից մեկը զինվորական պատրաստի կամուրջն է, որը կարելի է շատ արագ մոնտաժել և մեքենաներին ճանապարհ տալ: Բայց, չգիտես ինչու, դա վրացական կողմին հետաքրքիր չէ: Շահագրգռվածը մենք ենք, այն էլ՝ զբաղված էինք Պապի այցելությամբ»,- նկատեց արտահանողների միության նախագահը՝ հավելելով, որ ստեղծված վիճակն իսկապես շատ լուրջ է, որը եթե մի քիչ էլ երկարի, մարդիկ պարզապես բեռները պետք է թափեն ճանապարհին և հետ վերադառնան:
«Մարդիկ կան, որոնք ճանապարհներ են գտնում, ծովավին ճանապարհներով հասնում են Ռուսաստան, բայց այս վիճակը տեղիք է տալիս մեր իշխանություններին, մեր կառավարությանը, մեր նախագահին, որ մտածեն այս հարցի մասին, քանի որ մենք չենք կարող թելի նման կախված մնալ մի կամուրջից, մի ճանապարհից, երբ մեր ամբողջ ազգի բերքը այդ ճանապարհով է գնում: Մենք պարտադիր պետք է ելքեր գտնենք, այլընտրանքներ ունենանք»:
Մխչյանը նշեց, որ այս պահին դեռ դժվար է ասել, թե վնասի ինչ չափեր կան, բայց, նրա խոսքով, նման դեպքերից հետո գյուղացիները պետք է միավորվեն, իրենց բերքը միասին տեղավորեն մի մեծ մեքենայում և ավելի քիչ ծախսերով այդ լաստանավով հասնեն «Պորտ Կավկազ»:
«Իսկ եթե չմիավորվեն, իրենք առանձին-առանձին չեն կարող ելքեր գտնել: Այդ միավորումը ինչ-որ չափով կօգնի նրանց, բայց միևնույն ժամանակ այստեղ կարելի է կոչ անել այդ մեծ կազմակերպություններին, որ ձեռք մեկնեն մեր գյուղացիներին ու լավ գներով վերցնեն նրանց բերքը և արտահանեն: Ես խնդիր չեմ տեսնում: Կարևոր է, որ գյուղացին հերթական անգամ իր բերքը ջուրը չթափի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:









































