Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումը սաստիկ հարված է հասցնում միությանը, մնացած 27 երկրները պետք է մինչև տարեվերջ նոր հիմնարար օրենք համաձայնեցնեն ԵՄ-ի համար: Նման կարծիքն է հայտնել Ֆրանսիայի նախկին նախագահ (2007 – 2012), «Հանրապետականներ» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկոլա Սարկոզին Le Journal du Dimanche թերթում հրապարակված հարցազրույցում:
Քաղաքական գործչի խոսքով՝ բրիտանական հանրաքվեի արդյունքն իր համար սպասելի էր՝ «հաշվի առնելով վերջին տարիներին Եվրոպայի ղեկավարների համառ հրաժարումն զբաղվելու միության առջև ծառացած խնդիրներով»:
Սարկոզին համոզված է, որ ստեղծված իրավիճակում միակ ճիշտ պատասխանը կդառնա «Եվրոպայի համար նոր հիմքեր դնելը»: «Դա նշանակում է, որ Եվրամիությունը պետք է վերադարձնի իր ճակատագրի նկատմամբ վերահսկողությունը՝ կենտրոնանալով երեք գլխավոր հանգամանքների վրա. պաշտպանություն, որը նա պարտավոր է ապահովել եվրոպացիների համար, անվտանգություն, որն անհրաժեշտ է երաշխավորել նրանց, ազգերի և ժողովուրդների ինքնության հարգում: Անհրաժեշտ է անհապաղ գործել, քանի որ այդ ոլորտներում պահանջող որոշումներն առանց այդ էլ մշտապես հետաձգվել են»,- կարծում է նա:
«Վերջապես, անհրաժեշտ է հստակորեն ասել, որ Եվրամիության ընդլայնմանը վերջ է տրված, և դրանով իսկ հրաժարվել այն երկերեսանությունից, որն այժմ գերիշխում է Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, որը չպետք է ինտեգրվի Եվրամիությանը»,- մատնանշել է նա։









































