Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, որի ժամանակ շնորհակալություն է հայտնել Իսրայելի ու Թուրքիայի միջև անցկացված բանակցություններին աջակցելու համար: Այդ մասին կիրակի հայտնել է Սպիտակ տունը:
Բայդենն իր հերթին շնորհավորել է Նեթանյահուին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար՝ ընդգծելով, որ դա կհանգեցնի տնտեսական ու անվտանգության ոլորտի օգուտների, ինչպես կողմերի, այնպես էլ Միջերկրական ծովի արևելյան հատվածի տարածաշրջանի համար:
Ակնկալվում է, որ Իսրայելն ու Թուրքիան վեցամյա ընդմիջումից հետո այսօր կներկայացնեն հարաբերությունների կարգավորման մասին պայմանավորվածությունները:









































