Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմը կհամալրի 38 մլն եվրոյի դիմաց։ Այս մասին տեղեկացնում է իտալացի հանրահայտ լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
«Վիլյառեալ»-ից տեղափոխված երիտասարդ պաշտպան Էրիկ Բաիլիից հետո Մխիթարյանը դառնալու է Ժոզե Մոուրինյոյի երկրորդ ձեռքբերումը մանչեսթերյան ակումբում։
«Բորուսիա»-ն ու «Յունայթեդ»-ը երկար ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ։ Մխիթարյանը հրաժարվել էր նոր պայմանագիր կնքել դորտմունդյան ակումբի հետ, իսկ գործող պայմանագրի ժամկետը լրանալու էր 2017թ․։
«Բորուսիա»-ն պահանջում էր 40 մլն եվրո և մերժել էր «կարմիր սատանաներ»-ի առաջին առաջարկը (20 մլն ֆունտ)։ Այդուհանդերձ, կողմերը համաձայնության եկան 38 մլն եվրոյի շուրջ։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Բորուսիա»-ի 3-րդ առանցքային կորուստն է ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Մաց Հյումելսը տեղափոխվել էր «Բավարիա», իսկ Իլկայ Գյունդողանը՝ «Մանչեսթեր Սիթի»։
Ինչ վերաբերում է Մոուրինյոյին, ապա նա ցանկանում է ևս երկու նորեկ ունենալ՝ կենտրոնական հարձակվող և կենտրոնական կիսապաշտպան։ Բրիտանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Զլատան Իբրահիմովիչն առաջիկա օրերին բուժզննում է անցնելու «Մանչեսթեր Յունայթեդ»-ում։









































