Աշխարհի ամենահայտնի թերթերի, ամսագրերի, ռադիոկայանների և հեռուստաալիքների օրակարգում նախագահ Էրդողանը մշտապես առաջին էջում է: ԱՄՆ նախագահների նախկին և նոր խորհրդատուները, ուղեղային կենտրոնների ղեկավարները, պետությունների ղեկավարները, դիվանագետները և նույնիսկ հայտնի փիլիսոփաները ամեն հարմար առիթով հանդես են գալիս Էրդողանի դեմ ուղղված ելույթով:
Էրդողանի յուրաքանչյուր քայլի արձագանքը սկսվում է Արևմուտքից:
ԵԽ-ի նախագահ Մարտին Շուլցը գրեթե ամեն օր հանդես է գալիս Էրդողանի դեմ ուղղված ելույթով: Բրիտանացիները ավելի հեռուն են գնում. իրենց նախընտրական քարոզարշավներում արդեն գործածում են էրդողանյան Թուրքիա արտահայտությունը:
Արևմուտքից եկող տեղեկատվական ռմբակոծությունը, բնականաբար, դժգոհություն, անհանգստություն և վախ է առաջացնում Թուրքիայի ներսում:
«Մենք այլևս բարեկամներ չունենք» արտահայտությամբ սկսվող քննադատությանը հաջորդում է «Մենք հեռանում ենք Արևմուտքից, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ մեր հարաբերությունները վատթարացել են, Ռուսաստանի և Սիրիայի հետ մենք թշնամացել ենք» արտահայտությունները: Դրանց հետևում է Էրդողանի և նրա ղեկավարած կուսակցության սխալների թվարկումը:
Իրականում բոլոր այդ խնդիրների պատճառը ո՛չ Էրդողանն է, ո՛չ էլ նրա ղեկավարած կուսակցությունը. դրանց աղբյուրը Մերձավոր Արևելքում Արևմուտքի վարած նոր քաղաքականությունն է: Մերձավոր Արևելքում դարավոր ստատուս քվոյի խախտման առաջացրած հսկայական ալիքները հարվածում են Թուրքիայի սահմաններին՝ առաջացնելով ցնցումի էֆեկտ:
Մերձավոր Արևելքը մասսայական հեղափոխություն է ապրում, պատերազմի մեքենան աշխատում է անկանգ, սեղանի վրա դրված են հին և նոր սահմաններով քարտեզներ, որոշ պետություններ փլուզվել են, ստեղծվում են նոր պետություններ, նոր սահմաններ են գծվում:
ԵՄ-ն և ԱՄՆ-ն իրենց գիրկն են բացել Թուրքիայի հանդեպ թշնամաբար տրամադրված ուժերի համար, հովանավորում են ՔԱԿ-ին:
Սակայն ո՞վ է Էրդողանը իրականում, ինչո՞ւ է նա թիրախ դարձել:
Էրդողանը իր երկիրը պաշտպանող զինվոր է, ժամապահ, որ պահպանում է ամրոցի դարպասները: Հենց որ ամրոցի ժամապահը ընկնի…
Աբդուլ Համիդին նույնպես գահընկեց արեցին «Կեցցե ազատությունը» կարգախոսով: Հետո պարզ դարձավ, որ ընկել է ոչ թե սուլթանը, այլ հսկայական իսլամական կայսրությունը:
Պատճառը, որի համար Արևմուտքը թիրախ է դարձրել Էրդողանին, նույնն է, ինչ հարյուր տարի առաջ: Փոքր-ինչ փոխվել են կարգախոսները՝ ոչ թե «ազատություն», այլ «ժողովրդավարություն», ոչ թե «կարմիր սուլթան», այլ «բռնապետ Էրդողան»:








































