Ամերիկյան NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Չիկագո քաղաքի (Իլինոյս նահանգ) ոստիկանությունը որոնում է իռլանդացի հանրահայտ երգչուհի Շինեյդ Օ’Քոնորին, որը իր մտերիմների հետ հեռախոսազրույցի ժամանակ սպառնացել է ինքնասպանություն գործել:
Չիկագոյի ոստիկանությունն այդ հարցով շփումներ է հաստատել Իռլանդիայի իրավապահ մարմինների հետ: Այս տարվա մայիսին Չիկագոյի արվարձանում հետախուզում էր հայտարարվել Օ’Քոնորի հանդեպ՝ այն բանից հետո, երբ նա չէր վերադարձել հեծանվով զբոսանքից: Ավելի ուշ նրան հայտնաբերել էին քաղաքի հյուրանոցներից մեկում:
Նախորդ տարվա նոյեմբերին երգչուհին սոցցանցի օգնությամբ հայտնել էր, որ Իռլանդիայի հյուրանոցներից մեկում ընդունել է չափից ավելի մեծ քանակությամբ դեղորայք: Այն ժամանակ նրան կարողացել էին գտնել և ուղարկել բուժման:







































