Տաշքենդում այսօր մեկնարկում է Շանհայյան համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովը։ Առանցքային թեման կդառնա հակազդումն ահաբեկչությանը, ծայրահեղականությանն ու անջատողականությանը, որը պահանջում է հավաքական ջանքեր՝ ուղղված Կենտրոնական Ասիան արմատական իսլամի հենակետի վերածելու ակտիվացող փորձերին։
Հարձակումը Ղազախստանի Ակտոբե քաղաքում, որն իրականացվել էր Տաշքենդում ֆորումից առաջ, ինչպես նաև Աֆղանստանից և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների հաճախակիացած ներթափանցումները, հիշեցնում են, որ մոտ ժամանակներս ՇՀԿ երկրները կարող են բախվել որակապես նոր սպառնալիքների։ Kommersant-ի կողմից հարցման ենթարկված փորձագետների կարծիքով՝ ՇՀԿ-ի ապագա ընդլայնումն իր շարքերում Հնդկաստանի և Պակիստանի ընդունմամբ պահանջում է բազմակողմ համագործակցության խորացում։ Ինչպես խոստովանել է Ուզբեկստանի պետական կառույցների աղբյուրը՝ ՇՀԿ ներսում փոխգործակցությունը բաժանվում է առանձին բլոկների՝ Չինաստանի ու Ռուսաստանի գլխավորությամբ։
Տաշքենդում ՇՀԿ գագաթնաժողովի մեկնարկից երկու շաբաթ առաջ Ուզբեկստանի իշխանությունները սահմանափակել են տանսպորտային և բեռնատար հաղորդակցությունը հարևան երկրների հետ՝ Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի։ Վախենալով իսլամիստների կողմից հնարավոր հարձակումներից՝ իրավապահները սահմանել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ, որոնք կգործեն Տաշքենդում հունիսի 23-24-ը՝ գագաթնաժողովի անցկացման օրերին։
Տարածաշրջանի համար հիմնական սպառնալիքները կապված են հարևան Աֆղանստանից ահաբեկչական խմբավորումների ներթափանցման շարունակվող փորձերի հետ։ 2015 թվականի գարնանից լարված է մնում իրավիճակը թույլ վերահսկվող աֆղանա-թուրքմենական սահմանին։ Բացի այդ, խիզախ հարձակումը, որն իրականացվել է հունիսի սկզբին արմատական իսլամիստների կողմից ղազախական Ակտոբե քաղաքում, ցույց է տվել իրենց գործունեության հարթակն ընդլայնելու ահաբեկիչների պատրաստակամությունը։ Չնայած Ղազախստանի հատուկ ծառայությունների կողմից իսլամիստների ոչնչացմանը՝ Կենտրոնական Ասիայի բոլոր պետություններում ուժեղացվել են անվտանգության մկջոցառումները։ Ծայրահեղականների ներթափանցումը Ակտոբե հատուկ իմաստ է ձեռք բերել՝ հաշվի առնելով այն, որ Տաշքենդի գագաթնաժողովից հետո ՇՀԿ-ում նախագահությունը կփոխանցվի Ղազախստանին։
ՇՀԿ անդամ երկրների անվտանգության համար այլ աճող սպառնալիքը կապված է այդ երկրներից ԴԱԻՇ-ի շարքեր մարդկանց շարունակվող հավաքագրման հետ։ ՌԴ ՊՆ տվյալներով՝ Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի շարքերում կռվում է 2500-4500 գրոհային, հիմնականում կենտրոնաասիական տարածաշրջանից։
ՇՀԿ-ի տաշքենդյան հռչակագրում, որը մասնակից երկրները կընդունեն գագաթնաժողովի արդյունքներով, կներառվեն «երեք չարիքի» (ահաբեկչություն, ծայրահեղականություն և անջատողականություն) դեմ համատեղ պայքարի թարմացված միջոցառումները։ Իրենց հետագա քայլերը ՇՀԿ երկրները կամրագրեն ևս մեկ փաստաթղթում՝ 2016-2020թթ. գործողությունների ծրագրում, որն ուղղված է մինչև 2025 թվականը ՇՀԿ զարգացման ռազմավարության իրականացմանը, որն ընդունվել էր Ուֆայում անցած տարի կայացած գագաթնաժողովին։
Տաշքենդի գագաթնաժողովի կարևոր իրադարձություն կդառնա նաև ՇՀԿ-ի առջև պարտավորությունների մասին Հնդկաստանի և Պակիստանի կողմից հուշագրերի ստորագրումը, որոնք ևս մեկ քայլով կմոտեցնեն այդ երկրները կազմակերպությանը լիիրավ անդամակցելուն։
«Մեկ կազմակերպության ներսում բազմակող փոխգործակցությունը հաճախ է բաժանվում բլոկների։ Ներկայում նման բլոկներ գոյություն ունեն նաև ՇՀԿ-ի ներսում։ Չինաստանը ներգրավում է Բիշքեկին և Դուշանբեին հարևան Աֆղանստանից եկող սպառնալիքներին համատեղ հակազդելու գործում։ Իսկ Մոսկվան փորձում է ցույց տալ, որ այդ երկրները, որպես ՀԱՊԿ անդամներ, անվտանգության հարցերը պետք է համաձայնեցնեն Ռուսաստանի հետ»,- ասել է Kommersant-ի զրուցակիցը։








































