Այս օրերին Հայաստանում քննարկումների առարկա է դարձել մեկ տարի առաջ Երևանը և ըստ էության նաև Հայաստանը փոթորկած «Էլեկտրիկ Երևան» շարժումը: Քննարկումներն, իհարկե, ընթանում են ոչ լայն շրջանակներում, սակայն դրանց մասնակիցները փորձում են շոշափել իսկապես կարևոր նյարդեր՝ կապված մեկ տարի առաջ Հայաստանում, ըստ էության, աննախադեպ վիճակ ստեղծած շարժման, հետևանքների, արդյունքների, դասերի հետ:
«Էլեկտրիկ Երևանն», ի վերջո, միայն Հայաստանը չէր փոթորկել, այլ նաև Ռուսաստանը: Ի վերջո, ամենահիշարժան դրվագներից էր այն, որ ռուսական պաշտոնական քարոզչությունը շարժման մեկնարկից ի վեր ուղղակի խուճապահար կերպով ահազանգում էր Հայաստանում Մայդանի մասին: Այսօր, երբ հետ հայացք ենք ձգում շարժմանն ու մեկ տարի անց հանրային ակտիվ շրջանակներում փորձում հասկանալ դասերը՝ ինչ եղավ ու ինչի բերեց, երևի թե դիտարկման կարևոր ուղղություններից մեկն էլ հենց այս է, որը նաև առավել քան ակտուալ է հենց մեկ տարի անց էլ, երբ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են նաև Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիև հանդիպման հետ կապված հարցերը ու մտահոգությունները:
Այդ հանդիպումն անցկացվեց Ռուսաստանի նախաձեռնությամբ և ըստ էության ընդգծեց Ռուսաստանի դերակատարումը, Մոսկվան կարծեք թե փորձեց դրանով հետ բերել, վերականգնել ապրիլյան պատերազմից իր սասանված դիրքերը: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, ապրիլյան պատերազմական գագաթնակետով, որ այդ դիրքերի վերականգնումը համենայնդեպս Հայաստանի համար կարող է հղի լինել նոր վտանգներով ու սպառնալիքներով, կամ եղածների, այսպես ասած, թարմացմամբ:
Ահա այս մարտահրավերների ֆոնին «Էլեկտրիկ Երևանից» մեկ տարի անց կարող ենք անցկացնել հետաքրքրական զուգահեռներ՝ առ այն, թե ինչպես էր Ռուսաստանը խուճապի մատնվել երևանյան այդ շարժումից և տագնապի փող էր հնչեցնում, թե դա Մայդան է: «Էլեկտրիկ Երևանի» արդյունքը այդ իմաստով եղավ նաև այն, որ հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանը կարողացավ որոշակիորեն, մի փոքր թեկուզ ուղղել մեջքը և շատ հարցերում խոսել առավել արժանապատիվ, քան մինչ այդ: Կնքվեցին մի շարք համաձայնություններ, այդ թվում՝ 20 միլիոն դոլարի սպառազինության վերաբերյալ: Որն, իհարկե, հետո մնաց, փաստորեն, թղթի վրա: Եվ այս հանգամանքը ևս մի հիմք է եզրակացության, որ կարող ենք անել «Էլեկտրիկ Երևանից» մեկ տարի անց՝ ներկայիս զարգացումների և իրողությունների ֆոնին:
«Էլեկտրիկ Երևանը» մեկ տարի առաջ ցույց տվեց, որ Հայաստանը կարող է խոսել Ռուսաստանի հետ արժանապատիվ և ինքնիշխան կեցվածքով, եթե կա հասարակության ուժը, եթե իշխանությունը ուժով չի խոսում սեփական հասարակության հետ: Եվ սա առանցքային դասերից մեկն է՝ ինքնիշխանության կարևոր դասը: Որը, ցավոք, մնաց կիսատ, շարունակություն չունեցավ: Իհարկե՝ թե՛ իշխանությունների, թե՛ նաև քաղաքական ուժերի ու հասարակության պատասխանատվությամբ: Բայց դա մնաց կիաստ, ու փաստորեն կիսատ մնաց նաև այդ շրջանում ձեռք բերված առանցքային համաձայնությունը՝ 200 միլիոն դոլարի սպառազինությունը, որն, ինչպես հետո պարզվեց, հիմնարար և՛ ռազմական, և՛ քաղաքական նշանակություն ուներ ապրիլյան զարգացումների բովում:
Սա է երևի թե «Էլեկտրիկ Երևանի» գլխավոր դասը, գլխավոր մեսիջը, որը ակտուալ է մեկ տարի անց էլ՝ սեփական խնդիրների շուրջ արժանապատիվ և ինքնիշխան խոսելու պետության կարողությունը, որը ձևավորվում է հասարակության շնորհիվ, հասարակության ուժով, երբ դրության տերը երկրում լինում է ոչ թե օլիգարխիան կամ դրան սպասարկող խաժամուժը, այլ քաղաքացիական գիտակցությամբ և պատասխանատվությամբ հասարակությունը:
Այդ տեսանկյունից գերագնահատում չի լինի, եթե ասենք, որ «Էլեկտրիկ Երևանն» ազգային անվտանգության դաս էր, ցավոք, ինչպես նման բոլոր դասերը, Հայաստանի դեպքում կիսատ մնացած և շարունակության սպասող:





































