Օֆշորային սկանդալը պետք է լրջորեն ուսումնասիրվի և բացահայտվի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով օֆշորային սկանդալին:
Բանախոսը նշեց, որ ամենահիմնական հարցը հետևյալն է՝ կա՞ արդյոք նման բան, թե՞ ոչ: Նրա համոզմամբ՝ մինչ գնահատականներ տալը, պետք է դա իմանալ, քանի որ ինքը դատավոր չէ:
Աղվան Վարդանյանի խոսքով՝ ՀՀ պետական կառավարման համակարգի իրավիճակում ակնկալել, որ զուտ ներքին իրավապահ մարմինների միջոցով կպարզաբանվի խնդիրը, և դրան կհավատա հանրությունը, անհնար է: Այդ սկանդալը պետք է քննարկվեր և պատասխաններ ստանար ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում:
«Տարօրինակ բաներ են կատարվում, քանի որ այս հրապարակումն իրար հետ կապ չունեցող երեք անձանց մասին չէ: Վարչապետը և սրբազանը սերտ հարաբերությունների մեջ են, վարչապետի սրբազանի երեխաների քավորն է, սրբազանն ու Աշոտ Սուքիասյանը ևս կապեր ունեն, ուստի առկա է մի ներքին շղթա: Անհասկանալի է սրբազանի վերջին հարցազրույցը, անհասկանալի է՝ ինչո՞ւ հենց «Արմենպրեսս»-ով, որը դեռևս կառավարական մամլո ծառայություն է: Հետաքրքրական է նաև՝ հարցազրույցը մշակվե՞լ էր, թե՞ դա իր հարցազրույցն էր իսկապես, քանի որ անհասկանալի էր այն, սրբազանի հարցազրույցները միշտ այլ տեքստով են:
Ես դատավոր չեմ. եկեղեցին, կաթողիկոսը պետք է իր դիրքորոշումը հստակ հայտնի: Ճիշտ կլիներ, որ կաթողիկոսի որոշմամբ սրբազանը կողքի քաշվեր, ճիշտ եմ համարում նաև վարչապետի ժամանակավոր արձակուրդը»,- նման տեսակետ հայտնեց Աղվան Վարդանյանը:
Նա վստահ է՝ եթե այս սկանդալը չպարզաբանվի, ապա անընդհատ շարունակություն կունենա, ուստի պետք է խորությամբ ուսումնասիրել:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































