«ՀԱՍԱՌ» ՍՊԸ-ի տնօրեն, վանաձորցի Սամվել Հարությունյանը 2011 թ. օգոստոսից դատական վեճի մեջ է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Լոռու ԳԳՄ-ի հետ, որի տնօրենն է ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի եղբայրը` Վարդան Բաղդասարյանը:
Դիմելով դատարան` Սամվել Հարությունյանը խնդրել էր «Հայռուսգազարդից» հօգուտ իրեն պատկանող «ՀԱՍԱՌ» ընկերության բռնագանձել 45 մլն դրամ փոխհատուցում, քանի որ իր կողմից օգտագործվող ջերմոցի ջեռուցման համար անհրաժեշտ գազամատակարարումը դադարեցնելու և ապօրինի` պայմանների խախտմամբ այն չվերականգնելու հետևանքով ջերմոցում աճեցված բույսերը ցրտահարվել են, և բերքից ակնկալվող եկամուտները չստանալով` ինքը վնաս է կրել:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռը կայացրել է հօգուտ Սամվել Հարությունյանի: «Հայռուսգազարդը» Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել, որը բավարարվել է` մասնակիորեն բեկանելով Առաջին ատյանի վճիռը:
Իր պատճառաբանություններից մեկի հետ կապված` Վերաքննիչ դատարանն, անդրադառնալով «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» և կենսաբանական փորձաքննության եզրակացություններին, համաձայն որոնց` 2008 թ. հոկտեմբերից մինչև նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում օդի ցածր` 0-ից մինչև -4.1 ջերմաստիճանի և գազի բացակայության պայմաններում վարունգի և լոլիկի բույսերը կցրտահարվեին, և 10 աստիճանից ցածր ջերմաստիճանի պայմաններում նշված բույսերը կմահանային, արձանագրել է, որ ջերմոցի բույսերը ցրտահարվել են դեռևս հոկտեմբեր ամսին, երբ գազամատակարարում չէր էլ նախատեսվում, և այս դեպքում «Հայռուսգազարդը» դրա հետ որևէ կապ ունենալ չէր կարող, քանի որ այդ ժամանակ գազի մատակարարում, ըստ պայմանագրին կից առկա համաձայնագրի, չի նախատեսվել:
Վերաքննիչ դատարանի երեք դատավորները տվյալ դեպքում վկայակոչել են գործում առկա` գազամատակարարարի և բաժանորդի միջև պայմանագրին կից հավելվածը:
Սամվել Հարությունյանը փորձաքննության է ներկայացրել նրանց վկայակոչած փաստաթուղթը` «ՀԱՍԱՌ» ՍՊԸ-ի և «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Լոռու ԳԳՄ-ի միջև կնքված պայմանագրի հավելված 2-ի պատճենը: «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հունիսի 21-ին տրվել է թիվ 21781301 եզրակացությունը: Պարզաբանման համար առաջադրված էր հետևյալ հարցը. «ՀԱՍԱՌ» ՍՊԸ-ի և «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Լոռու ԳԳՄ-ի միջև կնքված պայմանագրի հավելված 2-ի պատճենն անմիջականորեն բնօրինակի՞ց է պատճենահանվել, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ինչ եղանակով է պատրաստվել: Փորձաքննությանն էր տրամադրվել պայմանագրի հավելված 2-ի պատճենը` վավերացված նոտարի կողմից, և նույն պայմանագրի հավելված 2-ի պատճենի մեկ այլ օրինակ` հետազոտելին, որ դատարանին էր ներկայացվել «Հայռուսգազարդի» կողմից: Փորձագետը հետազոտությամբ եկել է հետևության, որ պայմանագրի հավելված 2-ի պատճենը` հետազոտելին, անմիջականորեն չի պատճենահանվել բնօրինակից: Պատրաստվել է հետևյալ եղանակով. բնօրինակի որևէ պատճենի վրա կատարվել են փոփոխություններ, լրացվել է աղյուսակի առաջին սյունակը, ձախ կողմի միջնամասում կատարվել են ձեռագիր գրառումներ, ավելացվել են կլոր կնիքի թվով 2 դրոշմ: Այնուհետև ստացված փաստաթուղթը պատճենահանվել է մեկ, կամ բազմակի անգամ:
Թե՛ պայմանագրի հավելված 2-ի բնօրինակի, թե՛ «սարքած» պատճենի վրա նշված են Վարդան Բաղդասարանի անուն-ազգանունն ու ստորագրությունը:
Մեկնաբանելով այս նոր հանգամանքը` Սամվել Հարությունյանը նշում է, որ իր հայցի հետ դատարան էր ներկայացրել գազի մատակարարման վերաբերյալ «Հայռուսգազարդի» հետ պայմանագրից հավելված, որով մատակարարը պարտավոր էր ամբողջ տարի իրեն ամենամսյա գազ մատակարարել: Առաջին ատյանում այս հանգամանքը բացարձակապես չի առարկվել «Հայռուսգազարդի» կողմից, հակառակը՝ դատավորի այն հարցին, թե ընդունո՞ւմ են իրենց սխալը, որ խախտել են պայմանագրի 6.6 կետը` գազ չեն մատակարարել բաժանորդին նույնիսկ գերավճարի առկայությամբ, պատասխանել են` այո, ընդունում են:
«Առաջին ատյանում նրանք ինչ հարցեր դրեցին, ես հերքեցի, փորձում էին կեղծել, տեսան չի ստացվում, ձևը գտան. թաքուն տանում են իմ ներկայացրած հավելված 2-ը քսերոկոպիա են անում, լրացնում իրենց ոնց հարմար է, նորից քսերոքս անում: Կեղծում են, որ պատասխանատու չլինեն հոկտեմբերին գազ տալու վերաբերյալ: Բերում են, ներկայացնում են դատարան: Վերաքննիչն էլ իր որոշման մեջ հիմք է ընդունել, որ պատասխանողը պարտավորված չի եղել հոկտեմբերին գազ մատակարարելու, հոկտեմբերին ցրտահարված բույսերի համար պատասխանատու չէ»,-բ ացատրում է Սամվել Հարությունյանը և նկատում, որ Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ անդրադարձել է Առաջին ատյանում չվիճարկված խնդրի:
«Էդ մասին առաջին ատյանում ոչինչ չէին խոսում, որովհտեև փաստը իմ ձեռքին է, ես նորից կհերքեի, կներկայացնեի, իրենք վերաքննիչ բողոք են ներկայացրել: Ու հանկարծ Վերաքննիչ դատարանը, չունենալով նման իրավասություն՝ անդրադառնալու առաջին ատյանում չներկայացված հանգամանքին, չգիտես ինչ իրավունքով անդրադարձել է, որից հետո պարզվել է, որ էդ թուղթը, ինչի վերաբերյալ իրենք եզրակացություն են տվել, կեղծ է եղել: Իհարկե, եթե ես՝ ֆերմերս գիտեմ, որ դրա իրավունքը չունեն, 3 դատավորով, բնական բան է, որ ինձնից միլիոնապատիկ լավ գիտեն, որ չունեն»,- Վերաքննիչ դատարանի օրինախախտման մասին խոսում է Ս. Հարությունյանը: Նրա խոսքերով` այս գործում սա առաջին դեպքը չէ, բանաձև կեղծելու փորձ էլ են արել: «Կա ապացույց` գործի մեջ ներկայացված, ունեցել եմ 80 հազարին մոտ գերավճար, բայց իրենք չեն վերականգնել գազամատակարարումը, գրություն-նամակներով էլ պահանջել են անօրինական 4 մլն 400 հազար դրամ, դատարանում էլ ընդունել են իրենց սխալը, ու հանկարծ Վերաքննիչը գտնում է, որ չի խախտվել իմ իրավունքը: Ուրեմն դատավորներն ինչքան ճոխ են ապրում, որ ֆերմերի կրած 45 մլն վնասը իրենց համար վնաս չէ, ու դա իրենց համար ֆերմերի իրավունքի խախտում չէ»,- Վերաքննիչ դատարանի մյուս պատճառաբանությունից է զարմանում Սամվել Հարությունյանը:









































