Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Յոավ Մորդեխայը հրթիռակոծման համար մեղադրել է «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորմանը, որը նրա խոսքերով՝ գործել է Դամասկոսի հրամանով:
Հիշեցնենք, որ նախօրեին գրոհայինները Իսրայելի հարավի վրա արձակել են վեց արկ, որոնցից երկուսը որսացել են «Երկաթե գմբեթ» ՀՀՊ մարտկոցները: Ի պատասխան՝ իսրայելցիները ավիահարվածներ են հասցրել Պաղեստինի թիրախների վրա: Տուժածներ չկան:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Իսրայելի բանակի մամլո ծառայությանը, Մորդեխայը հայտարարել է որ հրթիռների արձակման հետևում կանգնած է «Իսլամական ջիհադ»-ը, որը գեներալի խոսքերով՝ հրաման է ստացել Դամասկոսում գտնվող իր առաջնորդներից, որոնք աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգին: Միջադեպի պատասխանատվությունը նա դրել է նաև ՀԱՄԱՍ-ի վրա:
«ՀԱՄԱՍ-ը վերահսկում է Գազայի հատվածը և ի վիճակի է հանգստություն ապահովել այնտեղ՝ չնայած նրանց, «Իսլամական ջիհադ»-ի և սիրիական վարչակարգի միջև բարդ հարաբերություններին»,- ասել է Մորդեխայը՝ հույս հայտնելով, որ հրթիռակոծումը կմնա «մեկուսացված միջադեպ», և ոչ մեկը շահագրգռված չի լինի լարվածության սրմամբ:







































