Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բաքվեցիներին խորհուրդ է տրվել ձեռնարկել անվտանգության միջոցառումներ՝ կապված Ադրբեջանի մայրաքաղաքում «Ֆորմուլա 1» ավտոարշավի անցկացման հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի սպորտի ու երիտասարդության նախարար Ազադ Ռագիմովը:
«Շենքերի առաջին հարկերի խանութների տերերը, որոնց առջև ընթանում է արագընթաց խճուղին, պետք է ձեռնարկեն անվտանգության միջոցառումներ, որպեսզի «Ֆորմուլա 1»-ի ավտոմեքենաների չափազանց ուժեղ ձայնից ապակիները չկոտրվեն:
Նման պրակտիկա գոյություն ունի: Թեև ցուցափեղկի ապակիները հաստ են, կարող եմ նրանց խորհուրդ տալ, որ ապակիների կոտրվելը թույլ չտալու համար ավանդական հին մեթոդով ապակիներին խաչաձև կպցնեն կպչուն ժապավեն»,- ասել է նախարարը:
«Ֆորմուլա 1» ավտոարշավը Բաքվում կանցկացվի հունիսի 17-19-ը: Ադրբեջանն առաջին անգամ է ընդունում նման մրցաշար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ եթե Ադրբեջանը հրաժարվի մրցաշարը հյուրընկալելուց, ապա կտուգանվի 100 միլիոն դոլարով:








































