Հայաստանի ներքաղաքական կոչված կյանքի առաջիկա առանցքային հարցադրումներից մեկը պետք է դառնա այն, թե ով է լինելու իշխող ՀՀԿ-ի հանդիման կանգնած, այսպես ասած, երկրորդ ուժը: Կամ, ավելի շուտ, դա լինելու է նախընտրական կյանքի առանցքային հարցը: Իհարկե, պակաս հարց չէ նաև այն, թե արդյո՞ք ընդհանրապես լինելու է այդպիսին, թե՞ պահպանվելու է ներկայիս վիճակը, երբ գրեթե բոլոր «ոչ իշխանական» ուժերը հավասար պայմաններում են, և հավասարապես թույլ լինելով՝ հավասարապես ուժեղ են, բայց միմյանց հանդեպ, ինչի շնորհիվ էլ ուժեղացնում են իշխանությանը:
Ինչ խոսք, ակնհայտ է, որ իշխանությունը պատրաստակամ է նրանց այդ ծառայության դիմաց հատկացնել տեղեր խորհրդարանում: Սակայն անկասկած է, որ այստեղ, բացի խորհրդարանում տեղերից, առկա է նաև հետևյալ խնդիրը՝ իշխանությունն առաջիկա ժամանակահատվածի համար պատրաստվո՞ւմ է արդյոք ներքաղաքական իրավիճակում գնալ քայլերի, որոնք երկբևեռության միջոցով կարող են բարձրացնել հայաստանյան պետական օրգանիզմի դիմադրունակության մակարդակը, թե՞ ոչ: Այսինքն՝ Հայաստանում կձևավորվի՞ սկզբունքային ներքին և առավել ևս արտաքին հարցերում տարբեր մոտեցումներով մրցակցային երկբևեռ պատկեր, թե՞ ոչ:
Մյուս կողմից՝ ինքնին հասկանալի է, որ այդ պատկերի արհեստականությունը լինելու է աղաղակող, սակայն գոնե արհեստական պատկերի ձևավորման դեպքում կա շանս, որ ժամանակի ընթացքում դրանից կարող են անջատվել բնական ճառագայթներ, որոնք միջնաժամկետ հեռանկարում կարող են նպաստել իրավիճակի փոփոխության: Այդ համատեքստում մյուս կարևոր հարցն այն է, թե ինչի՞ շուրջ կարող է ձևավորվել այդ երկբևեռությունը, ի՞նչ բովանդակության շուրջ՝ անգամ իմիտացիոն բնույթի պայմաններում:
Ներքին հարցերն, իհարկե, կարևոր են, սակայն այստեղ «ոչ իշխանական» բևեռը այնպես է անապատացրել դաշտը մինչև 2015 թվականի փետրվար, որ այդ դաշտում որևէ «բերք ստանալը» այլևս թե՛ քաղաքական ուժերի, թե՛ իշխանության համար անիրատեսական է: Փոխարենը՝ այսօր հեռանկարային տրենդ է դիտվում անվտանգության կամ արտաքին քաղաքականության միջավայրը:
Այստեղ կան մի քանի հնարավոր ճյուղավորումներ: Օրինակ՝ աստեղ կարող է լինել ԵՏՄ անդամությունից հրաժարվելու հարցը, ՀԱՊԿ անդամությունը վերանայելու հարցը, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ նոր բնույթի հարաբերության հարցը: Միաժամանակ կարող է լինել նաև Ռուսաստանի հետ հարաբերության վերանայման հարցը: Եվ այստեղ կա մի նրբերանգ. ի տարբերություն նախորդ ուղղությունների՝ հայ-ռուսական հարաբերության վերանայման հարցադրումը կարծես թե առավելապես չեզոք սեռի հարցադրում է, որտեղ առավելագույնս նվազեցվում է կոնկրետ իրողությունների և աշխարհաքաղաքական խնդիրների համար պատասխանատվությունը, միաժամանակ այդ տրենդի կիրառումը կարևոր ծառայություն է նաև Ռուսաստանին, քանի որ հանում է Հայաստանի հանդեպ քայլերի նրա պատասխանատվությունը և ամեն ինչ բարդում Հայաստանի իշխանության հարուցած հարաբերությունների ճգնաժամի վրա:
Ընդ որում՝ դա ձեռնտու է նաև իշխանությանը, որը մի անգամ արդեն իսկ զուտ իր կոնյունկտուրային պահանջներից ելնելով շահել է այդօրինակ՝ «ռուսահպատակության» մրցակցությունից: Դա 2013-ին էր, երբ եղավ սեպտեմբերի 3: Եվ այս առումով, առկա են որոշակի նախանշաններ, որ 2017-ին ընդառաջ էլ Հայաստանում ձևավորվում է նույնաբովանդակ մրցակցություն, այսինքն՝ պայքար Ռուսաստանին առավել «բարձրակարգ» ծառայություն մատուցելու համար, որի անհրաժեշտությունը Մոսկվայի համար առաջացել է ապրիլյան պատերազմից հետո:
Այդպիսով, ակնհայտ է դառնում, թե Հայաստանի ներքաղաքական կյանքի հավակնոտ մասնակիցների համար առավելապես ինչի հնարավորություն է դիտվում ապրիլյան պատերազմը՝ Ռուսաստանի համար նոր թափով մրցակցելու հնարավորություն:







































