Երևանյան երբեմնի մարդաշատ տոնավաճառներում այսօր հաճախորդների թիվը զգալիորեն կրճատվել է: Թերևս ամենահայտնի Մալաթիա տոնավաճառի առևտրականները միաձայն նշում են՝ եկամուտները կրճատվել են եթե ոչ ավել, ապա կիսով չափ, ծայրը ծայրին հասցնելով տաղավարի վարձավճարներն ու հարկերն են վճարում:
Առևտրականների մեծ մասը դադարել է ապրանք ներկրել, ասում են՝ ապրանքաշրջանառության ծավալների կրճատման պատճառով տեղի վերավաճառողներից են ապրանք գնում:
Խնդիրները սակայն միայն առևտրի ծավալների կրճատմամբ չեն ավարտվում, տարին մեկ կամ երկու անգամ հիմնականում Ստամբուլից ապրանք ներկրողների համար մաքսատանը ևս խնդիրներ են ստեղծվում:
Դաշնակահար Հասմիկ Ղազարյանն էլ Մալաթիա տոնավաճառի այս փոքրիկ տաղավարում արդեն 15 տարի է՝ զբաղվում է հագուստի վաճառքով: Ասում է՝ առևտրի ծավալները սկսել են անկում ապրել 2013 թվականից սկսած:
Հարկային վճարներ, ամսական վճարներ, կոմունալ ծախսեր: Եկամուտներն այնքան են նվազել, որ հազիվ բավարարում են վերը նշված ծախսերը հոգալուն: Հասմիկ Ղազարյանը մանրամասնում է՝ եթե մինչ տարեվերջ ոչինչ չփոխվի, ստիպված կդադարի 15 տարվա պատմություն ունեցող գործունեությունը:







































