Առնոլդ Շվարցենեգերը միացել է «Մեգի» անվանումով զոմբի-թրիլլերի դերասանական կազմին: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն աշնանը: Նրա հետ ֆիլմում կնկարահանվեն նաև Քլո Մորեցն ու Փեսի Քոնսիդայնը:
Ինչպես հայտնում է Variety-ն, Շվարցենեգերը հանդես կգա գլխավոր հերոսուհու (Մորեց) հոր դերով: Շվարցենեգերը կփորձի փրկել «զոմբի-վիրուսով» վարակված դստերը: Ֆիլմը կնկարահանվի Ջոն Սկոտի սցենարով: Բեմադրությամբ կզբաղվի գովազդային հոլովակների հայտնի ռեժիսոր Հենրի Հոբսոնը:
Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնը լքելուց հետո Շվարցենեգերը սկսել է կրկին ակտիվորեն նկարահանվել կինոյում: Աշնանը նրան կարելի է տեսնել Սիլվեստեր Ստալոնեի հետ «Փախուստի ծրագիր» (Escape Plan) մարտաֆիլմում:
Առջևում նրան սպասում են «Անզուսպները 3» ֆիլմն ու «Տերմինատորի» շարունակությունը: Եվ վերջապես նա կդառնա Pump հեռուստատեսային դրամայի գործադիր պրոդյուսեր և սցենարի համահեղինակ: Սերիալը կպատմի բոդիբիլդինգի առաջացման և զարգացման մասին:








































