Alphabet հոլդինգի ղեկավար Լարի Փեյջը գաղտնի ներդրում է արել թռչող ավտոմեքենաների մշակմամբ զբաղվող երկու ընկերություններում՝ Zee.Aero և Kitty Hawk: Bloomberg-ի տեղեկությամբ՝ Google-ի համահիմնադիրը սթարթափներում ներդնում է անձնական միջոցները և չի ուզում, որ իր մասնակցությունը հայտնի լինի հանրությանը:
Zee.Aero ընկերությունը հիմնվել է 2010 թ. և ամենասկզբից հերքել է որոնողական համակարգի հետ որևէ կապը: Ինչպես հայտնի է դարձել գործակալությանը՝ Փեյջը Zee.Aero-ում ներդրել է ավելի քան 100 մլն դոլար անձնական կարողություն որպես մասնավոր անձ՝ պայմանով, որ իր անունը թաքցվի հանրությունից:
Ենթադրաբար, Zee.Aero-ն կյանքի է կոչում էլեկտրական ինքնաթիռի գաղափարը, որը կկարողանա թռչել և վայրէջք կատարել ուղղաձիգ կերպով: Դրա մշակումն անում են NASA-ի, Boeing-ի և Space X-ի նախկին դիզայներները և ինժեներները:
Երկրորդ՝ Kitty Hawk սթարթափը ստեղծում է աերոմոբիլ, «որը հիշեցնում է կվադրոկոպտերի հսկայական տարբերակ», հայտնում է Bloomberg-ը:





































