«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժումը, որը իր գոյության 5 տարիների ընթացքում մասնակցել է գրեթե բոլոր քաղաքացիական նախաձեռնություններին, անցում է կատարում քաղաքական հարթակ:
«Համախմբումն այլընտրանք չունի» խորագիրն ընտրած երիտասարդները, որոնց գերակշիռ մասը տարբեր բուհերի ուսանողներ են, իրենց քաղաքական ապագան տեսնում են նորաստեղծ «Համախմբում» կուսակցության շարքերում:
Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ նախկին անդամ, նորաստեղծ «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարդան Օսկանյանը իր ելույթում ողջունելով երիտասարդների որոշումը՝ ընդգծեց. ««Համախմբումը» ոչ թե կուսակցություն է, այլ ժողովրդական շարժում, որը բաց է բոլորի համար և նպատակ է հետապնդում երկրում իրականացնել արմատական փոփոխություններ»:
«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման ղեկավար Աղվան Պողոսյանը մանրամասնում է՝ քաղաքական ճանապարհը սկսում են «Համախմբում» կուսակցության հետ, քանի որ այլ կուսակցությունում իրենց չեն պատկերացնում:
Կարծիքներն ու որոշ դեպքերում համոզմունքը, որ «Համախմբում» կուսակցության գործողություններում դերակատարություն ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կուսակցության ապագա երիտասարդ անդամներին չի կաշկանդում:
«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման անդամները վստահ են, որ քաղաքական ուղղվածությունն իրենց չի խոչընդոտի մասնակից լինել քաղաքացիական նախաձեռնություններին:
Երիտասարդները նաև տեղեկացրեցին՝ պատրաստ են ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա ընտրական գործընթացներին:







































