Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է հեռանալ քաղաքականությունից: Այդ մասին նա հայտարարել է Postimees պարբերականին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ երբ Սաակաշվիլին հեռանա ու նոր նախագահական ընտրություններ կայանան, ինքը մի քանի օր անց կհեռանա:
«Ես մտադիր եմ մոտ ապագայում թողնել քաղաքականությունը: Հենց Սաակաշվիլին հեռանա և նոր նախագահական ընտրություններ կայանան, ես կմնամ առավելագույնը մի քանի օրով»,- հայտարարել է վարչապետը:
«Ես չեմ ուզում, և դա վատ կլիներ Վրաստանի քաղաքականության համար, որ անընդհատ հույսը լինի միայն մեկ մարդու վրա: Անհրաժեշտ է անկախ դատական համակարգ, ինչպես նաև՝ ազատ լրատվամիջոցներ: Թարմ արյուն է հարկավոր»,- նշել է վարչապետը:
«Թաբուլա» ամսագրի գլխավոր խմբագիր Թամարա Չերգոլեիշվիլին մեկնաբանել է այդ հարցազրույցը՝ նշելով, որ վարչապետն, իրոք, ցանկանում է հեռանալ իշխանությունից, բայց չի ցանկանում կորցնել այն:









































