Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պարզաբանում է տվել ամերիկացի կոնգրեսականների խմբին վիզա տրամադրելուց հրաժարվելու պատճառների մասին, որոնք ծրագրել էին Իրան այցելել միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի իրագործումը ստուգելու համար:
Բացի այդ, նրանք մտադիր էին վերահսկել Իրանի խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարությունը, որոնք անցկացվել են երկու փուլով՝ փետրվարի 26-ին ու ապրիլի 29-ին:
Իրանի ԱԳՆ-ն երեքշաբթի տեղի ԶԼՄ-ներով «բաց նամակ» էր տարածել, որում պարզաբանել էր վիզա տրամադրելու մերժումը:
Նամակում ընդգծվում է, որ միակ մարմինը, ով իրավասու է ստուգել Իրանի կողմից միջուկային գործարքի դրույթների պահպանումը, ԱԷՄԳ-ն է, և որ գործարքի մասնակիցներին, այդ թվում նաև ԱՄՆ-ին չեն տրվել նման լիազորություններ. «Նման իրավունքներ չունեն համաձայնագրի մասնակից երկրների ո՛չ սովորական քաղաքացիները, ո՛չ էլ պաշտոնատար անձինք»:
Իրանի ԱԳՆ-ը հիշեցրել է նաև, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1980 թվականին, և որ արգելված է իրանցի պաշտոնատար անձանց մուտքը ԱՄՆ:









































