Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է Մեկսետ Սարգսյանի գործի դատավարությունը:
2013 թվականի մայիսի 1-ին Կենտրոնականի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասով՝ ոմն Նեքսեթի կողմից մի քաղաքացուհու բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքի առթիվ:
Օրեր անց՝ մայիսի 14-ին ինքնակամ ոստիկանություն էր ներկայացել Մեկսետ Սարգսյանը և տվել խոստովանական ցուցմունք:
19-ամյա Մեկսետը Վրաստանի քաղաքացի է, սովորում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բռնցքամարտի բաժնի առաջին կուրսում: 2013 թվականի ապրիլի 30-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում բռնցքամարտիկ երիտասարդը քաղաքացուհի Ե.-ի կամքին հակառակ, նրա բնակարանի անձեռնմխելիությունը խախտելով՝ բաց պատուհանից մուտք էր գործել Այգեստանում գտնվող տուն և տանտիրուհուն առաջարկել… սեռական հարաբերություն ունենալ իր հետ:
Տանտիրուհին կտրականապես մերժել էր: Բռնցքամարտիկը, առանց ուժի կիրառման, ըստ երևույթին՝ արդեն դռնով, հանգիստ հեռացել էր:
Միգուցե հետո է հասկացել, որ իր «կրեատիվ» այցելությունը պարզապես արկած չէր, այլ քրեորեն հետապնդելի արարք:
Ընդհանուր իրավասության դատարանում Մեկսետ Սարգսյանն իրեն մեղավոր է ճանաչել և միջնորդել, որ գործը քննվի արագացված կարգով:
Դատարանը ևս մեղավոր է ճանաչել Մեկսետին ու դատապարտել 80 հազար դրամ տուգանքի:







































