Մինչև ժամը 12-ը սպասում ենք, չեկան, փակում ենք:
Ճանապարհը փակելուց առաջ գողթեցիները գերմանացու ճշտապահությամբ են աչքի ընկնում։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները ուշանում են, գողթեցիները անցնում են գործի։
Գողթեցիները Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը չեղարկելու պահանջով հունիսի 3-ին էլ ճանապարհը փակել էին։ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը գողթեցիների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր երեքշաբթի օրը հանրային քննարկում կազմակերպել։
30 րոպե ուշացումով սպասված մասնագետները հասնում են Գողթ։ Հենց ճանապարհին քննարկումը սկսում է։ Գողթեցիներին առաջարկում են ծրագրով Գեղարդալճի պատվարն ամրացնել, ջրի կորուստը կանխել ոռոգման ներքին ցանցը նորոգելով, բայց պայմանով՝ Գեղարդալճի ջրի մի մասը տեղափոխելու են հարակից գյուղեր, ջրի սղությունը լրացնելու են Ազատ գետի Գիլանլարի վտակից։
Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի մասնագետների խոստումները գողթեցիներին հավատ չեն ներշնչում։ Գյուղացիները փաստեր են բերում: Գեղարդալիճը չունի ջրային բավարար պաշար, լճի ջուրը նույնիսկ Գողթ համայքնի հողերը ոռոգելուն չի բավարարում։
Ծրագրի մասնագետները կատարած չափումներն են ներկայացնում։ Վստահեցնում են՝ ինքնահոս ոռոգման համակարգը կառուցելու դեպքում Գողթը ոռոգման խնդիր չի ունենալու։
Գողթեցիների դիրքորոշումը փոխել Գողթ այցելած մասնագետներին այդպես էլ չի հաջողվում։ Գյուղացիների պահանջներն անփոփոխ են մնում. շինարարական աշխատանքներն այլևս չշարունակել, Գեղարդալճի ջուրը թողնել գյուղացիներին։
Գողթեցիները շեշտում են. լճի ջուրն իրենց օրվա ապրուստի խնդիրն է լուծում։ Այգիները ոռոգելով, բերք ստանալով են ապահովում ընտանիքի հիմնական եկամուտը։ Առանց Գեղարդալճի գողթեցիների համար նույնն է, թե առանց հաց ու ջրի։
Գողթեցիները բռնած գործին հաստատակամ են. սկսած պայքարը շարունակելու են մինչև հաղթանակ։








































