Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ապրիլյան դեպքերը որևէ ազդեցություն չունեցան Հայաստանի ներքաղաքական կյանքում, ինչի վկայությունն են Հրազդանի ՏԻՄ ընտրությունները:
Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գևորգյանի նշանակմանը, փորձագետը կարծում է, որ այդ կառույցը իրենից ոչինչ չի ներկայացնում, քանզի երկու տարի այդ ինստիտուտը ղեկավար չի ունեցել, և դրանից ոչինչ չի փոխվել երկրում. «Այդ պաշտոնը որևէ էական նշանակություն չի ունենա ներիշխանական գործընթացներում: Դա ընդամենը հայեցակարգային պաշտոն է»:
Այնպես որ՝ Արմեն Բադալյանը այս նշանակումը բացարձակապես չի կապում քաղաքականություն Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ. «Ակտիվացնելու համար քաղաքականությունը միայն ֆինանսական կարողությունները բավարար չեն՝ անհրաժեշտ է ունենալ որոշակի գործիքներ, ասենք՝ կուսակցություն: Բայց քանի որ Հայաստանում ընտրական ինստիտուտը մահացած է, նույնիսկ կուսակցության առկայության դեպքում հնարավոր չէ իշխանության գալ: Այսինքն՝ այստեղ իշխանության գալու համար պետք է ունենալ դրսի դաբրոն»:
Արմեն Բադալյանը չի կարծում նաև, որ «Համախմբում» կուսակցության ստեղծումը կապված է երկրորդ նախագահի անվան հետ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը թիմակիցներ ունի նաև Հանրապետական կուսակցության մեջ. «Չմոռանանք, որ նրա ամենամեծ թիմակիցը գործող նախագահն է»:
Խոսելով Սամվել Բաբայանի վերադարձի մասին՝ փորձագետը նկատեց, որ նրան դիմավորելու էին գնացել մոտ 1000 հոգի, ինչը նշանակում է, որ «25 տարվա մեջ Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի կայացել: Եթե 1000 հոգի կարող են դուրս գալ և սպասել հերթական փրկչին, այսպես ասած՝ Սասունցի Դավթին, նշանակում է՝ այդ պետությունը կայացած չէ: Սակայն եթե նա իր կողմնակցին ծեծի ենթարկելուն պատասխան չտա, նրա միֆը կկոտրվի: Կասեն՝ եթե դու մի կողմնակցի չես կարողանում պաշտպանել, ապա ոնց ես պաշտպանելու ամբողջ Ղարաբաղը: Այսինքն՝ իր կերպարը կոտրելու առաջին փորձը կատարվեց»:
Ինչ վերաբերում է քառօրյա պատերազմում ժողովրդի համախմբվածությանը, ապա Արմեն Բադալյանը համոզված է, որ «ապրիլյան պատերազմում ժողովուրդը գնաց ոչ թե Ղարաբաղը, այլ իր երեխաներին պաշտպանելու՝ ի տարբերություն 90-ականների: Եվ այժմ Ղարաբաղը չի կարող դառնալ անկյունաքար ապագա ընտրական գործընթացի համար, քանի որ Ղարաբաղը ինքը կարևորություն չի ներկայացնում: Այսօր արդեն ապրելու խնդիր կա. սա 90-ական թվականները չեն, հասարակության մեջ փոփոխություններ են տեղի ունեցել՝ տարբեր պատճառներով»:







































