Շվեդ գիտնականները պարզել են, որ գեր կանանց հիշողությունը դիետա պահելուց հետո բավականաչափ լավանում է, հաղորդում է MIGNews-ը:
Հետազոտության հեղինակ Անդրեաս Փեթերսոնը՝ Շվեդիայի Ումեա համալսարանից, նշել է, որ աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ ճարպակալման հետ կապված հիշողության խնդիրներն ուղղելի են: Ավելի վաղ ապացուցվել էր, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ հիշողությունը վատանում է:
Հետազոտության ընթացքում Փեթերսոնը գործընկերների հետ փորձել է պարզել՝ արդյոք ավելորդ քաշի կորուստն ազդո՞ւմ է մարդու հիշողության վրա և արդյոք հիշողության լավացումն ազդո՞ւմ է մարդու մտավոր գործունեության վրա ընդհանուր առմամբ:
Հետազոտությանը մասնակցել է ճարպակալմամբ տառապող 20 կին, որոնց միջին տարիքը եղել է 61: Գիտնականները նրանց 6 ամսով դիետա են նշանակել: Հիշողության թեստը կայացել է նրանում, որ մասնակիցները պետք է համադրեին նկարների վրա առկա մարդկանց անուններն ու դեպքերը:
Փեթերսոնը նշել է, որ հիշողության որակն էականորեն բարելավվել է քաշի կորստից հետո, փոփոխություններ են գրանցվել նաև մտավոր գործունեությունում, ինչը կապված է այն բանի հետ, որ ավելորդ քաշի կորստից հետո, ուղեղն ավելի ակտիվ է դառնում:









































