«Հրապարակ»-ը գրում է. «ԲՀԿ-ական մամուլը և ԲՀԿ-ական պատգամավորները երրորդ շաբաթն է՝ կորցրել են քուն ու դադար, նրանք ցանկանում են բացահայտել, թե ինչ իրավական հիմքով է աշխատանքից ազատվել կամ այլ աշխատանքի տեղափոխվել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանը: ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը, ով ղեկավարում է մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովը, ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը և ուրիշներ արդեն 20 օր շարունակ հարցնում են. ո՞ւր է կառավարության այն նիստի տեսագրությունը, որտեղ վարչապետը հայտարարեց, որ Էլոյանն իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից:
ԲՀԿ-ականներն ուզում են ապացուցել, որ խախտվել է քաղծառայող Վահե Էլոյանի իրավունքը, և նրան աշխատանքից ազատել կամ այլ աշխատանքի են տեղափոխել առանց իր կամքը հաշվի առնելու, առանց սեփական դիմումի: Իսկապես, Վահե Էլոյանն աշխատանքից ազատվելու կամ այլ աշխատանքի տեղափոխվելու դիմում չի ներկայացրել, և նրան այլ աշխատանքի, մասնավորապես նախարարի օգնականի պաշտոնին տեղափոխելը տեղի է ունեցել առանց նրա գիտության, ինչն օրենքի խախտում է:
Բայց սա խնդրի միայն մի կողմն է՝ արտաքին կողմը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Կառավարության հայտնի նիստից առաջ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը խոսել է Էլոյանի հետ՝ նրան առաջարկելով այլ աշխատանք նախարարությունում: Էլոյանը համաձայնել է և նիստից առաջ Վարդանյանին տեղեկացրել, որ ինքը գտնվում է կառավարությունում ու սպորտի և երիտասարդության հարցերի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվելու մասին դիմում է գրում: Յուրի Վարդանյանն էլ, վստահելով Էլոյանի բանավոր հավաստիացմանը, վարչապետ Տիգրան Սարգսյանին տեղեկացրել է, որ Էլոյանը ցանկանում է սեփական դիմումի համաձայն այլ աշխատանքի անցնել:
Կառավարության նույն նիստի ժամանակ, երբ քննարկվել է Էլոյանին աշխատանքից ազատելու հարցը, Յուրի Վարդանյանը հայտնել է, որ Էլոյանը շարունակելու է աշխատել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում: Նիստից հետո պարզվել է, որ Էլոյանը ոչ միայն դիմում չի գրել, այլև դիմել է ԲՀԿ-ական մամուլին և պատգամավորներին՝ իր խախտված իրավունքները պաշտպանելու համար:
Թե ինչու է Էլոյանը խաբել նախարար Վարդանյանին, դժվար չէ կռահել. նրան ուղղակի ասել են, որ պետք է այդպես վարվել: Գուցե հատուկ հաշվարկելով դրա հետևանքները»:
Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում








































