Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ թուրքական արմատներով գերմանացի քաղաքական գործիչը սպանության մասին բազմաթիվ սպառնալիքներ է ստացել թուրք ազգայնամոլներից: Պատճառը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն է:
«Կանաչներ» կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրի հասցեին նման սպառնալիքների քանակը հասել է այնպիսի մակարդակի, որ Քրեական գործերով դաշնային գերատեսչությունը (BKA) հարկադրված է եղել միջոցներ ձեռնարկել նրա անվտանգության ապահովման համար:
Քաղաքական գործչի մամլո քարտուղար Մարկ Բերտոլդը հայտարարել է, որ իրենք սերտ կապի մեջ են անվտանգության ծառայության հետ. «Մենք արդեն սովոր էինք հայհոյանքներին ու վիրավորանքներին, բայց սպանության վերաբերյալ այդչափ սպառնալիքների չէինք բախվել: Դժբախտաբար, կա ոչ միայն գերմանական, այլև թուրքական Pgida (աջ պոպուլիստական, հակաիսլամական շարժում): Աջ ծայրահեղական խմբավորումները գործում են ոչ միայն Թուրքիայում, այլև գերմանաբնակ թուրքերի շրջանում»:
Ջեմ Օզդեմիրը եղել է հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման նախաձեռնողն ու առավել ակտիվ կողմնակիցներից մեկը:









































