Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ սա բավականին լուրջ հայտ է:
«Շատ երկրներ ուղղակի բավարարվել են կարճ տեքստ ընդունելով, որտեղ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, բայց Գերմանիայի Բունդեսթագի դեպքում մենք ոչ միայ գործ ունենք Ցեղասպանության փաստի ճանաչման և դատապարտման և Կայսերական Գերմանիայի անունից ներողություն հայցելու փաստի հետ, այլ նաև դա, թերևս, կարող ենք համարել Գերմանիայի կովկասյան կամ նույնիսկ մերձավորարևելյան քաղաքականություն, որովհետև այն նաև գերմանական արտաքին քաղաքականության ուղենիշեր է տալիս՝ Թուրքիայի մասով, Հայաստան-Գերմանիա հարաբերությունների մասով, և նաև կարծեք թե Կովկասում գերմանական քաղաքականություն է լրացնում»:
Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ սա բացառիկ բանաձև է, և թեև շատ հայ քաղաքագետներ ու փորձագետներ այլ տեքստ էին ակնկալում, բայց պետք է հաշվի առնել, որ Բունդեսթագը դատարան չէ, որ դատական վճիռներ արձակի: Նրա խոսքով՝ այս բանաձևը աննախադեպ է նաև մեկ այլ առումով. «Այն ընդունվեց միաձյան, Գերմանիայի բոլոր քաղաքական ուժերը իրենց համախոհությունն են հայտնել Գերմանիայի կողմից այս քաղաքականությանը՝ թե՛ Թուրքիայի, թե՛ նաև Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով: Բավական առանձնահատուկ է նաև այն, որ նույնիսկ ծագումով թուրք պատգամավորները դեմ չգնացին իրենց խմբակցությունների դիրքորոշումներին և փաստացի նրանք նույնպես կողմ են արտահայտվել բանաձևին»:
Քաղաքագետը մեզ հետ զրույցում նեկայացրեց այն երեք կարևոր գործոնները, որոնք, իր կարծիքով, հանգեցրել են բունդեսթագի կողմից բանաձևի այս պահին ընդունմանը:
Ըստ քաղաքագետի՝ Գերմանիան այս քայլով Թուրքիային հասկացնում է, որ Ցեղասպանությունը մերժելու և ժխտելու ուղղությամբ նրա քաղաքականությունը զրո արժեք է ունենալու. «Այսինքն՝ փաստացի արժեզրկում է Թուրքիայի արտաքին քաղաքականության հայկական ուղղությունը՝ հասկանալի դարձնելով, որ որքան էլ միջոցներ ծախսի՝ նյութական, դիվանագիտական, մարդկային, քաղաքական և այլն, դրանք, ըստ էության, ապարդյուն են: Այս առումով բանաձևը բավականին խոսուն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































