«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարելու հարցին: Նրա խոսքերով` հստակ պաշտոնական դիրքորոշում պետք է լինի, որ մեզ համար անընդունելի է և հարիր չէ դաշնակցի նման պահվածքը:
Նա նշեց, որ տարբեր տեսակետներ են հնչում՝ թե Ռուսաստանի իրավունքն է վաճառել զենք, բայց դա սխալ է, քանի որ Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է, իսկ ստրատեգիական դաշնակիցներն այն դաշնակիցներն են, որոնք պատրաստ են տնտեսական, երբեմն էլ քաղաքական շահը զոհաբերել հանուն դաշնակցի:
Նրա դիտարկմամբ` մենք, որպես Ռուսաստանի դաշնակից, մեզ բավականին հավատարիմ ենք պահել, որի արդյունքում տնտեսական համագործակցության կորուստներ ենք ունենում, քանի որ երբ Արևմուտքին դիմում ես ներդրումների ակնկալիքով, ասում են`ձեր դաշնակիցը Ռուսաստանն է, թող նա էլ լինի: Նրա խոսքերով` «մեր դաշնակիցը զինում է մեր թշնամուն»:
Արա Պապյանը նշեց, որ մեր քաղաքագետները ռուսների փոխարեն արդարացնում են նրանց այդ քայլը, մինչդեռ թող ռուսներն արդարանան, ինչո՞ւ են դա նրանք անում:
Նա հավելեց, որ հնարավոր պատերազմի դեպքում տասնյակ հազարավոր զոհեր են լինելու՝ երկու կողմերից էլ, իսկ մարդկային հազարավոր զոհվածների համար ո՞վ է պատասխան տալու: Թող Ռուսաստանը հայտարարի, որ մեր արյան գնով փող է աշխատում:
Անդրադառնալով մամուլում հնչած այն կարծիքին, որ Ռուսաստանն անվճար զենք է Հայաստանին տալիս, Արա Պապյանն ասաց, որ «այդ զենքը ռուսական բազայում է,մերը չէ»:
Հնարավոր պատերազմի դեպքում, ըստ բանախոսի, ռուսական արձագանքը չենք կարող իմանալ, թե ինչ կլինի, քանի որ մենք ունենք 17 թվականին, 19-20 թվականներին, 90-ականներին Բաքվի և Սումգայիթի ջարդերին «երեք օր ռուսների ուշացման դառը փորձերը»:
Այս ամենից Արա ՊապյանՆ արյան հոտ է առնում, քանի որ հստակ` զենքի մեջ արյուն կա, ինչը անպայման պետք է հիշել:
Նա հավեց, որ մինչև այսօր որևէ պաշտոնական արձագանք չկա այս հացրի շուրջ, միայն ՊՆ խոսնակի արձագանքն է, թե այս մատարակարումը չի խախտում ռազմական հավասարակշռությունը։ «Գուցե դա այդպես է, բայց, բացի դրանից, կա այստեղ քաղաքական և տնտեսական բաղադրիչ, Հայաստանը պետք է դատապարտի և պաշտոնապես բողոքի»,- ասաց Արա Պապյանը` հավելելով, որ ամեն մի «ոչ բարեկամական» արարք չպետք է անարձագանք թողնել:
Նա Ռուսաստանի այս քայլը բացատրում է նրանով, որ վերջինս համարում է, թե Հայաստանն իր գրպանում է, և հիմա սիրաշահում է Ադրբեջանին. «Բայց նա պետք է իմանա, որ Հայաստանը միշտ ունի այլընտրանք»:
Բանախոսն ասաց, որ ռուսական բիզնեսը Հայաստանում ունի պետական հովանավորություն, բայց Ռուսաստանը սա չի գնահատում, ինչը լավ չէ:
Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական միության մաս կազմելու գաղափարին, Արա Պապյանը ասաց, որ մենք չենք կարող միանալ մի կառույցի, որի մասին անգամ իրենք պատկերացում չունեն։ Նրա խոսքերով՝ ԵՄ-Հայաստան Ասոցացման պայմանագիրը 1600 էջանոց փաստաթուղթ է, իսկ Եվրասիականն՝ ամորֆ, ոչինչ չասող գաղափար:
Մեր սխալը, ըստ Արա Պապյանի, այն է, որ մենք այլընտրանքների բացակայության պատճառով հայտնվել ենք խոցելի իրավիճակում, սա հոգեբանական ազդեցություն է ունենալու մեզ վրա, որը չպետք է անտեսել:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































