Ինչքան կքանդվի Պաշտպանության նախարարության կոռուպցիոն կծիկը: Այս հարցը ապրիլյան պատերազմից հետո տրամաբանորեն դարձել է օրակարգային, և պետք է արձանագրել, որ իշխանությունը նույնիսկ զարմանալիորեն համարժեք է արձագանքել հանրային այդ հարցադրումներին: ՊՆ-ում կատարվում են աղմկոտ պաշտոնանկություններ և նույնիսկ ձերբակալություններ ու կալանավորումներ:
Ի՞նչ կլիներ, եթե իշխանությունը նույն կերպ համարժեք գործեր նաև այլ ոլորտների մասով հանրային հարցադրումներին ի պատասխան: Ասել, որ Պաշտպանության նախարարությունն է ամենակոռումպացված կառույցը՝ մեղմ ասած, սխալ կլինի: Հայաստանում գործնականում կոռումպացված են բոլոր պետական համակարգերը, և ընդ որում՝ այնպես ու այնքան, որ անգամ ավելորդ է այլևս դա չափել շատ ու քչով: Եվ այս իմաստով, կասկածից վեր է, որ քանդելու բավական կծիկներ կան թե՛ ուժային այլ կառույցներում, թե՛ նաև ընդհանրապես կառավարման համակարգի այլ ոլորտներում: Սակայն կծիկը քանդվում է ՊՆ-ում:
Իհարկե, սա ապրիլյան պատերազմի հանգամանքն է, երբ ակնհայտ է դարձել, որ կոռուպցիան լրջագույն խնդիրներ է առաջացրել անվտանգության վերջին բաստիոնի համար: Եվ այստեղ առերևույթ ազդեցությունն այնքան մեծ է, որ իշխանությունը միգուցե անկարող է չգնալ դրա հետքով ու չանել քայլեր: Սակայն, եթե այլ ոլորտներում կոռուպցիայի առերևույթ ազդեցությունը նույնքան մեծ չէ, եթե այլ ոլորտներ գործ չունեն արտաքին հարձակման, արտաքին ագրեսիայի հետ, և նրանց կոռուպցիոն ռիսկերը չունեն առերևույթ նմանօրինակ դրսևորումների «վտանգ», դա դեռ չի նշանակում, որ այդ ոլորտներում կոռուպցիան պետական անվտանգությանը, ազգային անվտանգությանը շատ ավելի կամ թեկուզ քիչ, բայց պակաս վտանգ ու սպառնալիք է, քան պաշտպանական ոլորտի կոռուպցիան:
Հետևաբար, եթե թվում է, թե միայն ՊՆ ոլորտում այդօրինակ քայլերը կարող են էական վիճակ փոխել, դա, անշուշտ, մոլորություն է կամ ինքնախաբեություն: Ի վերջո, այս առումով ՊՆ ոլորտը պետք է նույնիսկ դաս լինի, որ չի կարելի կոռուպցիայի դեմ պայքար ասվածը լղոզել այնքան, մինչև դանակը հասնի ոսկորին, որպեսզի հետո նոր հարկ լինի կատարել վիրահատական միջամտություններ:
Եվ ըստ այդմ՝ պետք չէ սպասել, մինչև մյուս ոլորտների կոռուպցիան ևս ստանա առերևույթ վտանգավոր դրսևորումներ՝ բերելով ծանր կորուստների: Իսկ ներկայիս մարտահրավերների ծավալն ու դինամիկան այնպիսին է, որ դրանք կարող են ունենալ դրսևորումներ ամենաանսպասելի, անգամ ամենաաներևկայելի տեղերում և ուղղություններով:
Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել հատվածային կամ ոլորտային և չի կարող լինել պոստֆակտում: Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նման կործանարար «շքեղություն»:









































