Հազարավոր մարդիկ ուրբաթ դուրս են եկել Արգենտինայի 80 քաղաքների փողոցներ՝ ի նշան բողոքի կանանց նկատմամբ բռնության դեմ: Առավել զանգվածային է եղել Բուենոս Այրեսի կենտրոնի ցույցը՝ հայտնում է TASS-ը:
Ցույցի մասնակիցները երթով անցել են Ազգային կոնգրեսի մոտից դեպի քաղաքի գլխավոր հրապարակ՝ Պլասա-դե-Մայո, որտեղ գտնվում է «Կասա ռոսադա» նախագահական պալատը: Շատ ցուցարարների ձեռքին եղել են պաստառներ հետևյալ գրություններով՝ «Այլևս ոչ մի զոհ», «Հերիք են սպանությունները», «Մենք արդարադատություն ենք պահանջում»: Ցուցարարներն իշխանություններին կոչ են արել պայքարել գենդերային անհավասարության դեմ և երաշխավորել կանանց իրավունքների պաշտպանություն: Խնդրին ուշադրություն է հրավիրել նաև Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին իր թվիթերյան էջում:
Ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներով՝ 2014թ. Արգենտինայում արձանագրվել է կանանց և երիտասարդ աղջիկների 275 սպանություն: Դեպքերի մեծ մասում նրանք դարձել են իրենց մոտ շրջապատից անձանց՝ ամուսինների, փեսացուների կամ նախկին ամուսինների զոհը:
Անցած շաբաթ Արգենտինան ցնցել է հերթական աղմկոտ դեպքը: Որոնումների մեկ ամսից հետո ոստիկանությունը հայտնաբերել է կորած 12-ամյա աղջկա մարմինը: Հետաքննության վարկածով՝ նրան սպանել է երիտասարդը, որը նրա հետ սոցցանցում է ծանոթացել:
















































