Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հինգշաբթի օրը շարունակվել են ցույցերը, որոնք անվտանգության ուժերը ցրել են ջրցաններով և արցունքաբեր գազով: Բողոքի ակցիաները կրկին կազմակերպվել են Քենեդիի անվան պողոտայում: Այս մասին հաղորդում է ITAT-TASS-ը:
Ցուցարարների խումբը հավաքվել է պողոտայում և վանկարկել կարգախոսներ՝ կառավարությանը կոչ անելով հրաժարական տալ: Ոստիկանության կոչերին՝ ցրվել և չխանգարել երթևեկությանը, ցուցարարները չեն արձագանքել: Արդյունքում իրավապահները ճնշել են հավաքվածներին՝ կիրառելով ջրցաններ և արցունքաբեր գազ:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ, կան տուժածներ: Այժմ իրավիճակն արդեն հանդարտվել է, սակայն փողոցներում դեռևս շրջում են ջրցանները, որոնք հեռացնում են վերջին սադրիչներին, իսկ ոստիկանները խաչմերուկներում նետում են գազով նռնակներ:
Մերսին քաղաքում ևս ոստիկանության և ցուցարարների բախման արդյունքում իրավապահները ջրցաններ և արցունքաբեր գազ են կիրառել:








































