ԴԱԻՇ-ի գրոհայինները իրենց տարածքը լքել ցանկացողներին դուրս բերելու բիզնես են ստեղծել՝ RIA Novosti-ին հայտնել են սուննի-փախստականները: 500 դոլարի դիմաց «խալիֆայության» իշխանություններին մոտ մաքսանենգները համաձայնվում են քրդերի մոտ տեղափոխել յուրաքանչյուր ցանկացողի, իսկ նրանք, ովքեր այդքան գումար չունեն, ստիպված են վախենալով և ռիսկի ենթարկվելով գնալ ականապատ դաշտերով՝ հայտնվելով ԴԱԻՇ-ի և քրդական փեշմերգայի գրոհայինների կրակի տակ:
Բացի դրանից՝ ԴԱԻՇ-ի տարածքը մշտապես ռմբակոծում են միջազգային կոալիցիայի ինքնաթիռները, ռումբերի տակ ապրելը պարզապես անհնար է:
Քրդական փեշմերգաները մանրամասն խուզարկում են եկվորներին՝ ձեռքերով և մետաղորսիչներով, քանի որ նրանց մեջ կարող են լինել «կենդանի ռումբեր», որոնց գրոհայինները հատուկ ուղարկում են փախստականի անվան տակ: Կարող են լինել նաև ԴԱԻՇ-ի հետախույզներ:
Ականորսիչներով ստուգումից հետո փախստականներին անմիջապես ջուր են տալիս, ավտոբուսներ են նստեցնում և տանում քրդական թիկունք: Այնտեղ բժիշկներ են հերթապահում. շատ փախստականներ բուժօգնության կարիք ունեն: Գրոհայինների և քրդերի միջև տարածքն ականապատ է: Փախստականները, ճանապարհը չիմանալով, մշտապես հայտնվում են դրանց վրա:







































