Tuesday, 30 06 2026
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ

Էպոսագետը պետք է վախեցներ «Սերժի փեսա Միշիկին կամ եղբորը՝ Սաշիկին, կամ էլ մի թերթի խմբագրի»

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի գործով այսօր հարցաքննվեց ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը:

Նա հայտնեց, թե Վարդան Սեդրակյանի մասով նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում: Իրականում եղածը ներկայացնելու է այսօր դատարանում:

Ըստ Պողոսյանի՝ իր հետ ամբաստանյալի աթոռին նստած Սամվել Հարությունյանին ճանաչում է շուտվանից՝ որպես նույն բակի տղայի: Վերջին շրջանում իրենք, կարելի է ասել, մտերիմ ընկերներ են եղել:

2013 թվականի հունվարին Սամվելն ասել է, թե մի գործ կա՝ մեկին պիտի վախեցնեն: Մի քանի օր հետո նա կոնկրետացրել է, որ պետք է վախեցնեն Պարույր Հայրիկյանին: Պողոսյանը ենթադրել է, թե Սամվելը, երևի, անձնական խնդիրներ ունի Հայրիկյանի հետ:

Իրենք հետևել են Հայրիկյանին, դեպքի օրը Հայրիկյանի շենքի մոտ ինքը դեմ-դիմաց է դուրս եկել նրան: Ձեռքը բարձրացրել է, «ցելոֆանի» մեջ դրած զենքով ցանկացել է վախեցնել ու կողք կրակել, կողք էլ նշան է բռնել, բայց Հայրիկյանն անկանոն շարժումներ է արել, ինչի պատճառով կրակոցը դիպել է նրա ուսին:

Կրակոցից հետո Հայրիկյանը, ըստ Պողոսյանի, նախ առաջ է մղվել ու վախեցրել հենց վախեցնողին՝ Պողոսյանին, ապա սայթաքել է, ընկել գետնին ու սկսել հետ-հետ գնալ՝ բարձր օգնություն կանչելով, ոտքերն ու ձեռքերը անկանոն թափահարելով:

Ընկնելու ժամանակ Հայրիկյանը դիպել է շենքի բակում կայանած մեքենային, միացել է ազդանշանը: Այդ ձայնից ու Հայրիկյանի գոռոցներից Պողոսյանը անակնկալի է եկել, մոտեցել է ընկած, վիրավոր Հայրիկյանին, ասել է՝ սուս, ապա կրակել է ներքև՝ դարձյալ նրան վախեցնելու և իր ապահովության համար՝ որ կարողանա փախչել:

Երկրորդ կրակոցից հետո Պողոսյանը գնացել է ո՛չ իր ծրագրած ճանապարհով, որպեսզի իրեն տեսնող չլինի: Նստել է պատահական տաքսի ու գնացել տուն: Իրենց տան մոտ էլ հանդիպել է Սամվել Հարությունյանին, ով վճարել է տաքսու համար:

Խաչատուր Պողոսյանի կարծիքով՝ Հայրիկյանի շենքի բնակիչներն իրեն չեն տեսել, ոչ մի պատուհան չի բացվել, ոչ մի վկա լինել չի կարող: «Մի ֆանտաստիկ արհեստավորի լսեցի, իբր՝ պառկած՝ լվացքի մեքենա է սարքել ու երկու ճտտոց է լսել, բայց մեքենայի ազդանշանի ձայնը չի լսել: Բոլոր վկաները էստեղ իրենց գրածի հակառակն են ասել»:

Պողոսյանը համաձայն չէ, թե իր արձակած երկրորդ կրակոցը «կանտրոլնի» է եղել. «Հայրիկյանը կալանք տեսած մարդ է, շատ լավ գիտի՝ կանտրոլնին ոնց է արվում՝ գլխին կամ սրտավանդակին, ոչ թե թևին: Զենքի մեջ հինգ հատ էլ պատրոն կար, կարող էի լրիվ կրակեմ ու գնամ: Ոչ թե ես չեմ կարողացել իմ գործը մինչև վերջ անեմ, այլ ես սպանելու նպատակ չեմ ունեցել»:

Ըստ Պողոսյանի՝ Սեդրակյանի անունը տալու առաջարկն արել է Սամվելը՝ դեպքից հետո: Իրենք մի շաբաթ ժամանակ ունեին, այդ ընթացքում էլ բոլոր մանրամասներով որոշել են, թե ինչ պիտի ասեն Սեդրակյանի՝ պատվիրատու լինելու մասին: Դրա համար էլ իրենց ցուցմունքները բոլոր մանրամասներով համընկնում են: «Սցենարիստը» եղել է Սամվելը:

Պողոսյանը ներկայացրեց, որ «Նագան» տեսակի ատրճանակը 500 դոլարով ձեռք է բերել 1995 թվականին Բագրատաշենում: Այդ ժամանակից ատրճանակն ընկած է եղել իր ավտոտնակում, «բոչկի հետևը»: Փորձարկել է, տեսել, որ «գմփոց» է արձակում, շատ ուժեղ «գմփոց», մի անգամ էլ փորձարկել է «խլացուցիչով»՝ որպես խլացուցիչ ծառայեցնելով զենքին հագցված պլաստմասսայե շիշը: Երկու փորձարկիչ կրակոցից հետո զենքը գործադրել է Պարույր Հայրիկյանին վախեցնելու համար:

«Փող ունենայինք, գազըվի ատրճանակ կառնեինք, կվախեցնեինք, սենց բան էլ չէր լինի»:

Վարդան Սեդրակյանից «Վոլվո» ստանալու կամ գնելու մասին Խաչատուր Պողոսյանը հայտնեց. «Հիմա ո՞վ է ում նվեր տալիս, որ նա ինձ մեքենա նվիրեր: Մենք էն հարաբերությունների մեջ չէինք, որ էդպիսի նվեր տար: Մի տարի իր տանն աշխատող բանվորներին մեքենայով տարել-բերել եմ, մի տուփ սիգարետ էլ չի նվիրել: Մեքենան ես գնել եմ՝ ամեն ամիս 500 դոլար վճարելու պայմանով: Վճարել եմ 3-4 ամիս»:

Պողոսյանի կարծիքով՝ իր երկրորդ կրակոցից Հայրիկյանը չէր վնասվել. «Ինչպե՞ս կարող էր նրա հինգերորդ կողի շրջանում վերք առաջանալ՝ առանց մայկան վնասելու: Ասել եմ՝ մայկադ բարձրացրու՝ կրակե՞մ»:

Այս արտահայտությունից հետո Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչն առարկեց և կոռեկտության կոչ արեց, ապա զայրացած վրա բերեց. «Ո՞վ ես դու, որ մայկա ես բարձրացնել տալիս»: Այս անգամ նախագահող Գագիկ Պողոսյանը կոռեկտության կոչ արեց փաստաբանին:

Ըստ Խաչատուր Պողոսյանի՝ ինքը չի իմացել, որ Պարույր Հայրիկյանը քաղաքական գործիչ է, նրա իմանալով՝ Հայրիկյանը «մարդու պաշտպանների գրասենյակում էր աշխատում: Գիտեի, որ նստած է եղել, աքսորվել է: Որպես տանջված մարդ գիտեի»: «Ուզում էիր ավելի՞ տանջել»,- հարցրին Պողոսյանին:

Թե ինչու էր Սամվելը ցանկանում վախեցնել Հայրիկյանին, Պողոսյանը, իր ասելով, չի իմացել:

«Չեմ կարծում, թե դուք ռոբոտ եք, զոմբի, որ ասեն՝ արա, դուք էլ գնաք ու անեք»,- Պողոսյանին դիմելով՝ ասաց մեղադրող Արամ Ամիրզադյանը:

«Ես ու Սամվելն էնքան մոտիկ էինք, որ ես ինձ թույլ չեմ տվել նրան հարցնելու, թե ինչո՞ւ ենք էդ բանն անում: Եթե իրեն էդպես էր պետք, ուրեմն ես հարց չունեի: Սամվելը չի ասել՝ խփենք, վիրավորենք, վատ բան անենք, ասել է՝ վախեցնենք, անցնենք-գնանք: Եթե պատճառը չի ասել, ուրեմն պետք չի եղել»:

Որպես խլացուցիչ ծառայեցրած պլաստմասսայե շիշը պետք է նաև ապահովագրեր, որ ուրիշ մարդ հանկարծ չվնասվեր, նաև՝ որ ուրիշները չլսեին, իսկ Հայրկյանը, միևնույնն է, լսելու էր կրակոցը:

Շիշը որպես խլացուցիչ օգտագործելը Աֆղանստանում ծառայած Պողոսյանը սովորել էր «Брат» ֆիլմից: Նրա կարծիքով՝ եթե մարտական զենքից չկրակեր, շատ բան տեսած Հայրիկյանը չէր վախենա:

Թե ինչու առաջին իսկ կրակոցից հետո չի փախել հարցին Պողոսյանը պատասխանեց, թե Հայրիկյանը ընկած տեղը գոռում էր, ոտքերը թափահարում, ինքը կրակոցն արձակել է ստիպված, որ նա ավելի շատ վախենա:

«Առաջին կրակոցից հետո չփախա, որովհետև նա անմիջապես չընկավ, ուրեմն շատ պինդ մարդ էր: Եթե ինձ բռներ, էլ չէի կարողանա փախչել… Հո չէի՞ գնացել բանակցելու, որ բառերով ասեի, թե վախեցնում եմ, ոչ թե սպանում: Ասի՝ «սուս», որ կարողանամ փախչել, կրակեցի իմ ապահովության համար»:

Սամվելը հայտարարել է, թե Սեդրակյանին որպես պատվիրատու են ներկայացրել, որ գումար շորթեն, բայց թե ինչքան գումար պիտի պահանջեին՝ Պողոսյանը չգիտեր: «Սամվելն ասաց՝ Սեդրակյանը մեզ կազատի: Շփոթվել ենք, սխալվել, շատ վատ բան ենք արել, որ Սեդրակյանին ներքաշել ենք»:

Պարույր Հայրիկյանը, Խաչատուր Պողոսյանի ցուցմունքն ու պատասխանները լսելով, ասաց. «Այսպիսի մարդիկ միշտ եղել են ու կլինեն. հանուն փողի ամեն ինչ կարող են անել»: Ապա հարցրեց ամբաստանյալին. «Դուք գիտե՞ք, թե վախենալն ինչ է»: «Կարող ա շունը հաչա, ու ես վախենամ, բա ո՞նց չգիտեմ»,- պատասխանեց Պողոսյանը:

Պարույր Հայրիկյանը պնդեց, որ կրակոցներն ուղղված են եղել իր կրծքավանդակին, հետևաբար, կրակոցները նախատեսված էին մահացու լինելու համար:

Մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեցին նաև Խաչատուր Պողոսյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ էական հակասություններ կային նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև:

Նախաքննական ցուցմունքներում Պողոսյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է Սեդրակյանը պատվիրել Հայրիկյանի վրա կրակոցներ արձակելու գործը:

Հանդիպել են Վարդան Սեդրակյանի գրասենյակում՝ «Երևան» կինոթատրոնի հետևի մասում: Սեդրակյանի աշխատասենյակում, նրա գրասեղանի վրա եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթը, որտեղ եղել են ՀՀ նախագահի թեկնածուների լուսանկարները:

Սեդրակյանը մատը դրել է Հայրիկյանի լուսանկարի վրա ու ասել է, որ նա վատ մարդ է, նրան պետք է վախեցնել: Ասել է, թե վախեցնելը «ազգի համար է պետք»: Ավելի մանրամասն չի բացատրել՝ կարճ կտրելով. «Դա ձեր խելքի բանը չի»: Ապա սկսել է զանգել Սամվելին ու անհանգստացնել՝ պահանջելով արագացնել Հայրիկյանին վախեցնելու գործը:

Նախաքննական ցուցմունքներից մեկում Պողոսյանը նույնիսկ հիշատակել է, թե Սեդրակյանը ուզում էր, որ իրենք վախեցնեին «Սերժի փեսա Միշիկին կամ եղբորը՝ Սաշիկին: Կամ էլ մի թերթի խմբագրի: Ասում էր՝ մեքենա հրկիզելու միջոցով կարելի է վախեցնել»: Բայց հետո նա պատվիրել է Հայրիկյանի՛ն վախեցնելու գործը:

Պողոսյանը նշել է, թե սկզբում այդ պատվերը անլուրջ են համարել, բայց հետո Սեդրակյանը շատ լուրջ է ասել, ապա հանգստացրել, թե՝ ամեն ինչ լավ է լինելու, պետք չէ խուճապի մատնվել, ու իրենք սկսել են նախապատրաստվել: Իմացել են Հայրիկյանի շտաբի ու տան հասցեները, հետևել են նրան, ու հունվարի 31-ի երեկոյան ինքն արձակել է վախեցնող կրակոցները:

Խաչատուր Պողոսյանը նախաքննության ժամանակ առերես հարցաքննվել է Վարդան Սեդրակյանի հետ, պնդել իր ցուցմունքները, թե նա է պատվիրել Հայրիկյանի վրա կրակոցներ արձակելը: Սեդրակյանը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել: Նա ասել է, թե պետք է լսի նաև Սամվել Հարությունյանի ցուցմունքը, խորհրդակցի իր պաշտպանի հետ, այնուհետև ներկայացնի իր մարտավարությունը:

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո Խաչատուր Պողոսյանը հայտարարեց. «Շաքարս բարձր մարդ եմ, ինչ տվել են, էն էլ ստորագրել եմ: Ընթացքում կարող ա զենքի հետ կապված էլ հայտարարություն անեմ դատարանում»:

Սեդրակյանի շահերի պաշտպան Ա. Սիրունյանը հայտարարեց, թե կասկածելին այն է, որ Պողոսյանի ցուցմունքները գրված են «մաշտոցյան հայերենով, գրական լեզվով»:

Նախաքննության ընթացքում Խաչատուր Պողոսյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ միայն ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու համար, իսկ սպանության փորձի մեղադրանքը նա չի ընդունել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վարդան Սեդրակյանը, 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրություններում առաջադրվելով ՀՀ նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:

Սպանությունն իրականացնելու համար զենք ձեռք բերելու նպատակով Վարդան Սեդրակյանն իր հանցակիցներին է տվել 1000 դոլար, որը Հարությունյանն ու Պողոսյանը կիսել են միմյանց միջև:

Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար նրանք նոր զենք ձեռք չեն բերել: Խաչատուր Պողոսյանն օգտագործել է 1995-1996 թվականներին իր կողմից ապօրինի ձեռք բերված ու պահված, 1941 թվականի գործարանային արտադրության 7, 62 մմ տրամաչափի, «HG-201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 24-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում