Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան պահանջում է ցուցադրական դատ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր նախորդ տարիներին Վրաստանում ստեղծել են բռնության տոտալ համակարգ, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Սամեգրելոյում հայտնաբերված տեսանյութերն իրավունք են տալիս մեզ պնդել, որ Վրաստանում բռնությունը և ծաղրանքը համակարգված բնույթ են կրել, և նման համակարգի ստեղծման բոլոր մեղավորները պետք է պատժվեն»,- ասել է Ալասանիան:
Նա ընդգծել է, որ դա կարևոր է ոչ միայն Վրաստանի համար, այլ նաև համաշխարհային հանրության, քանի որ «սադիզմի սերմանումը պետք է պատժվի»:
Ալասանիան նման սադիզմի մեղավոր է համարում ոչ միայն նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին, այլ նաև երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
Հայտնաբերված տեսանյութերում պատկերված են բռնություններ քաղաքացիների դեմ: Նրանք բռնաբարության և այլ կտտանքների են ենթարկվել, որոնք իրականացվել են Քութաիսի ոստիկանության շենքում:




































