«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկը տրված է։ Առաջադրումներ կարելի է կատարել 2016թ. հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 9-ը՝ www.auroraprize.com կայքի միջոցով: «Ավրորա» մրցանակը փնտրում է այն մարդկանց անհատական պատմությունները, որոնք վտանգում են իրենց՝ հանուն դիմացինին օգնելու։ Այս մասին տեղեկացրին IdeA հիմնադրամից:
«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների, ամեն տարի ապրիլի 24-ին, Երևանում: «Ավրորա» մրցանակի դափնեկրին տրվում է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ և նրան ոգեշնչած բարեգործական կազմակերպություններին 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելու հնարավորություն։
Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել թեկնածուի, ով հաղթահարել է մարտահրավերներ՝ բացառիկ ազդեցություն գործելով մարդկային կյանքի փրկության և մարդասիրական հիմնախնդիրների առաջխաղացման վրա։ Մրցանակի չափանիշների նկարագրությունը կարելի է գտնել կայքում։
Այս տարվա ապրիլին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը դարձավ Բուրունդիի «Խաղաղության Տան» հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն։ Նա Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին փրկել և խնամել է 30,000 երեխաների, որբերի ու փախստականների։










































