ԱՄՆ Պետդեպը հրապարակել է մարդկանց առևտրի դեմ պայքարի մասին ամենամյա զեկույցը: Համաձայն փաստաթղթի՝ Ռուսաստանը հայտնվել է այն երկրների թվում, որոնք չեն համապատասխանում այդ ոլորտում նվազագույն չափորոշիչներին: Այս մասին հաղորդվում է Պետդեպի պաշտոնական կայքում:
Փաստաթղթում հայտնված երկրները բաժանվում են երեք խմբի: Առաջին խմբում այն երկրներն են, որոնց իշխանությունները ներդնում են մարդկանց առևտրի դեմ պայքարի չափորոշիչներ, երկրորդում այն երկրները, որտեղ չափորոշիչները ներդրված են ոչ ամբողջությամբ, սակայն զգալի ջանքեր են ձեռնարկվում: Երրորդ խմբի երկրներում իշխանությունները լիարժեք չեն ներդնում նվազագույն անհրաժեշտ չափորոշիչները և չեն ձեռնարկում բավարար ջանքեր:
Ռուսաստանը Չինաստանի, Ալժիրի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Կուբայի, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Քուվեյթի, Լիբիայի, Մավրիտանիայի, Պապու Նոր Գվինեայի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Սիրիայի, Ուզբեկստանի, Յեմենի և Զիմբաբվեի հետ ընդգրկվել է երրորդ խմբի երկրների ցուցակում:
Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանին, Չինաստանին և Ուզբեկստանին, որոնց վարկանիշները զեկույցում հասցված է նվազագույնի, կարող են սպառնալ պատժամիջոցներ, եթե ԱՄՆ նախագահը հակառակ որոշում չկայացնի:
Ըստ նախատեսվող պատժամիջոցների՝ այդ երկրները չեն ստանա կրթական և մշակութային փոխանակումների ծրագրերի համար ֆինանսավորում, ինչպես նաև ԱՄՆ-ը իր անհամաձայնությունը կհայտնի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից օգնության տրամադրման հարցում:
Պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել 2013-ի հոկտեմբերի 1-ից:









































