Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Անվտանգության խորհուրդը երկրի նախագահին խորհուրդ է տվել խորհրդարանին ներկայացնել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում վրացական զինվորական կոնտինգենտի մեծացման հարցը: Այս մասին Անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին:
Ներկա դրությամբ ԵՄ-ի հովանու ներքո ԿԱՀ-ում իրականացվող առաքելությունում ընդգրկված է 5 վրացի զինծառայող, որոնք մտնում են խաղաղապահ առաքելության խորհրդականների խմբի կազմում:
Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով Վրաստանի նախագահին խորհուրդ է տրվել խորհրդարանին ներկայացնել ԿԱՀ-ում վրացական զինվորական կոնտինգենտի կազմը մեկ վաշտի հասցնելու առաջարկ:
Իմերլիշվիլին հույս է հայտնել, որ Վրաստանի նախագահն ու խորհրդարանը կընդառաջեն Անվտանգության խորհրդի այդ որոշմանը: ԿԱՀ-ում ԵՄ-ի խաղաղապահ առաքելությունը մեկնարկել է 2014 թվականի փետրվարին: Վրացի զինվորականները դրան միացել են 2014 թվականի հուլիսի կեսերից:








































