Երեկ առաջին անգամ փորձարկվել է «Տաթևեր» ճոպանուղու մոտ գտնվող
բիոզուգարանը, սակայն դեռևս հայտնի չէ՝ այն կաշխատի, թե ոչ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է Տաթև համայնքի բնակիչներից:
«Նախօրեին ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամից մասնագետ եկավ և ջուրը միացրեց, իսկ այսօր էլ փորձարկեցին, բայց հստակ չգիտենք՝ կաշխատի, թե ոչ: Մի քանի օրից պարզ կլինի»,- «Ժողովուրդ»-ին ասել է Տաթևի բնակիչ Անուշ Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ 2012թ. ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 124 մլն դրամ էր հատկացրել 2 բիոզուգարանները Հայաստան բերելու համար: Դրանցից մեկը գտնվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ, իսկ մյուսը՝ «Տաթևեր» ճոպանուղու մոտ: Պետական պաշտոնյաների համոզմամբ՝ այս զուգարանները մեծ նշանակություն ունեն զբոսաշրջության զարգացման համար, սակայն մեկ տարուց ավելի է՝ դրանք չեն աշխատում:
Թերթը հավելում է, որ եվրոպական երկրներում տեղադրված նմանատիպ բիոզուգարանների արժեքը 8 հազար եվրո է, ու զարմանալի է, թե ինչու է կառավարությունն ամեն զուգարանին մոտ 170 հազար ԱՄՆ դոլար գումար տվել:








































