Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունիսի 2-ին առաջին անգամ կայցելի Լատվիա: Այդ մասին երեկ հայտնել է Լատվիայի ԱԳՆ-ն:
Իրանի արտգործնախարարը Լատվիայի բարձրաստիճան անձանց հետ կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև կմասնակցի Իրանա-լատվիական գործարար ֆորումին:
Լատվիա այցելելիս Զարիֆին կուղեկցեն Իրանի խոշորագույն ձեռնարկությունների ավելի քան 60 ղեկավարներ, որոնք ներկայացնում են նավթավերամշակման, մետաղամշակման, փայտամշակման, մեքենաշինության, տրանսպորտի ու լոգիստիկայի, արդյունահանող արդյունաբերության, ֆինանսական ու բանկային, առողջապահական, սննդի, գյուղատնտեսության, ՏՏ և այլ ոլորտներ:
Ինչպես նախատեսվում է, Զարիֆը հանդիպումներ կունենա Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսի, Սեյմի նախագահ Ինարա Մուրինեցի, արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի և երկրի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:









































