«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:
– Կայծ, ի՞նչ մանրամասներ են հայտնի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի՝ Ֆրասնսիա կատարած վերջին այցից:
– Հատուկ բան չկա, միայն թե շատ հավանական է, որ Ֆրանսիայում տեղի ունենա Սարգսյանի և Ալիևի հաջորդ հանդիպումը: Նախ երկու աշխատանքային հանդիպում պիտի տեղի ունենա մայիսի 31-ին և հունիսի 2-ին՝ նախապատրաստելու համար գլխավոր հանդիպումը Ալիևի և Սարգսյանի միջև:
Մինչ այդ, սակայն, մի քանի հարց կա, որոնք պիտի ճշտվեն մինչև գլխավոր հանդիպումը, օրինակ՝ ո՞վ պիտի գլխավորի այդ հանդիպումը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն կամ եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզի՞րը, թե՞ նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հստակ չէ նաև այն, թե արդյոք համանախագահող մյուս երկրների արտաքին գործոց նախարարները՝ Լավրովը և Քերին, ներկա կլինե՞ն հանդիպմանը, թե՞ ոչ: Եթե Վիեննայի հանդիպման շարունակության մեջ ենք, դա նույնպես կարևոր է:
Մյուս հարցը՝ արդյոք Ադրբեջանը համաձա՞յն է Վիեննայի հայտարարությանը, թե՞ ոչ: Իմացա, որ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը հայտարարել է, որ Ադրբեջանը չի ստորագրել այդ հայտարարությունը, բայց Հայաստանը ևս չի ստորագրել, ուրեմն անհրաժեշտ է նախքան հաջորդ հանդիպումը իմանալ, թե արդյոք Ադրբեջանը համաձա՞յն է այդ պայմաններին՝ հարգել 1994 և 1995 թթ. համաձայնագրերը զինադադարի և զինադադարի ամրապնդման մասին, հսկողության մեխանիզմների ստեղծմանը, և ավելի կարևորություն տալ ԵԱՀԿ-ի պաշտոնին այդ շրջանում:
Մի խոսքով՝ շատ կարևոր է, որ դիվանագիտական գործընթացը ոտքի վրա լինի, որովհետև բանակցություններն են կարևորը, բանակցություններն են ուժ տալիս հակամարտության լուծմանը: Միայն քաղաքական և ոչ թե ռազմական ճանապարհով կարող ենք լուծել հիմնախնդիրը: Բայց հարցն այն է, թե արդյոք Ադրբեջանը համաձա՞յն է Վիեննայի հայտարարությանը: Եթե այո, շատ լավ, եթե ոչ, Հայաստանն ի՞նչ պիտի անի, արդյոք Հայաստանը շեշտ պիտի դնի՞, որ Ադրբեջանը համաձայնվի հայտարարությանը: Երկրորդ՝ ո՞ր տարբերակով պիտի լուծվի հիմնախնդիրը՝ փուլայի՞ն, թե՞ փաթեթային: Սա է հարցը:
– Փաստորեն, նախագահների հաջորդ հանդիպումը Ֆրանսիայի միջնորդությա՞մբ է լինելու: Դա ճշտվա՞ծ տեղեկություն է:
– Դա հստակ չէ, բայց ֆրանսիացիները առաջարկեցին, որ հանդիպումը տեղի ունենա Ֆրանսիայում, և մյուս համանախագահները դեմ չեն. գուցե մի քիչ ռուսների սրտով չէ, բայց նրանք չեն խանգարում:
Այստեղ՝ Ֆրանսիայում, ֆուտբոլի մրցույթ պիտի լինի՝ «Եվրո-2016»-ը, և գիտենք, որ ադրբեջանցիները, իբրև նավթային ընկերություն, ներկա պիտի լինեն այդ մրցույթին Փարիզում՝ Ֆրանսիայում: Եվ շատ հավանական է, որ Մամեդյարովը, այդ մրցույթից օգտվելով, պատրաստվի հանդիպմանը: Հայաստանի կողմից նույնպես պիտի պատրաստվեն այդ հանդիպմանը, բայց Հայաստանի ղեկավարությունը պիտի որոշի, թե ով պիտի գա՝ Նալբանդյա՞նը, թե՞ Սարգսյանը և Նալբանդյանը: Կարծում եմ՝ շատ հավանական է, որ Ալիևը գա մրցույթի արարողությանը: Բայց արդյոք այդ առիթն օգտագործելով կկազմակերպվի՞ հանդիպում՝ չգիտեմ:
– Դուք խոսեցիք հակամարտության կարգավորման տարբերակների մասին: Կարծում եք, որ նախագահների հաջորդ հանդիպմանը կքննարկվե՞ն կարգավորման հնարավոր տարբերակներ:
– Ոչ, ըստ իս՝ վաղ է, քանի որ քառօրյա պատերազմը նոր է ավարտվել, և չկա վստահության մթնոլորտ:
– Ուրեմն կրկին պիտի քննարկվեն շփման գծի հետ կապված հարցե՞ր:
– Ես օրակարգը չգիտեմ, բայց նախ պետք է վստահության մթնոլորտ ստեղծվի, և մենք շատ հեռու ենք այդ վստահության մթնոլորտից: Առաջիկայում երկու կարևոր միջոցառում կա Ադրբեջանի համար, առաջինը ֆուտբոլի մրցույթն է, երկրորդը՝ «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարը Բաքվում: Այս երկու մրցույթների ընթացքում Ադրբեջանի համար կարևոր է, որ ռազմաճակատում խաղաղ լինի: Բոլորը գիտեն, որ հարձակվողը Ադրբեջանն է: Ադրբեջանցիներն ինքնաբերաբար ուզում են, որ այդ ժամանակահատվածում որևէ խնդիր չլինի Ղարաբաղի հետ, ուրեմն ադրբեջանցիները ստիպված են լռել:
– Հիմա շատերը ենթադրում են, որ այդ մրցույթներից հետո Ադրբեջանը կարող է անցնել լայնածավալ հարձակման: Դուք նո՞ւյնպես հնարավոր եք համարում այդ սցենարը:
– Չեմ կարծում, որ Ադրբեջանն անմիջապես հարձակվի: Բայց այլևս Հայաստանը ավելի աշխույժ է, ավելի զգույշ և պատրաստված, և գիտենք, որ Ադրբեջանը երկրորդ շանս պիտի չունենա:
Կարելի է սպասել, որ միջազգային ճնշումներն ավելի հզոր կլինեն Ադրբեջանի վրա, եթե նորից հարձակում լինի: Հնարավոր հարձակումը կախված է նաև նրանից, թե ի՞նչ ընթացք կունենան բանակցությունները, որովհետև եթե բանակցությունները ծառայում են Ադրբեջանի շահերին, հարձակվելու կարիք չկա: Եթե գործընթացը ծառայում է Հայաստանի շահերին, հարցն այլ է: Բայց նախ և առաջ անհրաժեշտ է վստահության մթնոլորտ ստեղծել հակամարտող կողմերի միջև, որպեսզի հնարավոր լինի բանակցել Ղարաբաղի շուրջ: Եթե ոչ, անիմաստ է:









































