Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ուղերձ է հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին, որում կոչ է արել Բրյուսելում հունիսի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախատեսվող հանդիպմանը բարձրացնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման խնդիրները՝ հաղորդում է contact.az-ը:
Ուղերձում կազմակերպությունը Բարոզուին խնդրում է արտահայտել ԵՄ մտահոգությունը Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի կապակցությամբ և կոչ անել Բաքվին հստակ միջոցներ ձեռնարկել դրությունը բարելավելու համար՝ Եվրախորհրդարանի բանաձևին համապատասխան, որն ընդունվել է նախորդ շաբաթ:
Human Rights Watch-ի ուղերձում մասնավորապես նշվում է, որ անհրաժեշտ է ազատ արձակել քաղբանտարկյալներին, չեղյալ հայտարարել օրենսդիր սահմանափակումները, որոնք ընդունվել են վերջին ժամանակներս:
Ուղերձի հեղինակները Բարոզուին խնդրում են հասկացնել տալ Ալիևին, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ցանկացած խորացում պետք է ներառի մարդու իրավունքների հարցերով ուժեղ կոմպոնենտ:
Հաղորդվում է, որ վերջին 15 ամիսներին Ադրբեջանում նկատվում է չարաշահումների և հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումների մակարդակի էական բարձրացում: Ավելին՝ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին իշխանությունները նոր օրենքներ են ընդունում, որոնք նեղացնում են գործունեության դաշտը քաղաքացիական հասարակության համար: Կառավարության առնվազն 22 քննադատներ, այդ թվում՝ լրագրողներ, բլոգերներ, կա՛մ դատապարտվել են, կա՛մ նրանց դեմ հետաքննություն է ընթանում քաղաքական դրդապատճառներ ունեցող մեղադրանքներով:
Կազմակերպությունը Ալիևին կոչ է անում հետևել ԵՄ չափանիշներին՝ գործընկեր երկրների հետ համագործակցության համար, կատարել 2013թ. հունվարի 23-ի ԵԽԽՎ բանաձևը և մարդու իրավունքների ոլորտում այլ պարտավորվածություններ:









































