«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, վաշինգտոնաբնակ քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
– Պարոն Մարկեդոնով, օրեր առաջ Հայաստանի Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ու «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը քննարկել են «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ռուսական «Գազպրոմի» մասնաբաժնի ավելացման հարցը՝ 80-ից մինչև 100 տոկոս: Ինչպե՞ս եք վերաբերվում Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանին մատակարարվող գազի գնի թանկացման մասին հայտարարությունից հետո այս փաստին:
– Առաջին հերթին սա արտահայտում է ռուսական իշխանությունների հետ կապված խոշոր բիզնեսի բավականին տիպիկ մոտեցումը: Արտահայտում է ռուսական այն մոտեցումը, թե հետխորհրդային երկրների նկատմամբ որքան շատ լինի վերահսկողությունն, այնքան լավ: ԽՍՀՄ-ից հետո ռուսական քաղաքականությունը դասավորվեց հետևյալ կերպ՝ մինչև 2004-2005 թթ. ռուսական քաղաքականությունը բխում էր այն տրամաբանությունից, որ Ռուսաստանին մերձավոր երկրները հատուկ գործընկերներ են: Դա ԽՍՀՄ-յան տրամաբանություն էր, իսկ 2004-2005 թվականներից հետո առաջին պլան եկավ շուկայականացումը: Առաջին հերթին Ռուսաստանին հետաքրքիր են տնտեսական հարցերը: Այսինքն՝ մեծանում է տնտեսական ազդեցությունը՝ ակտիվների նկատմամբ վերահսկողություն, սեփականության նկատմամբ վերահսկողություն: Այդ կուրսը շարունակվում է: Որևէ նոր բան չկա:
Իսկ թե ինչպիսի հետևանքներ կարող է սա ունենալ երկկողմ հարաբերությունների վրա, դա այլ հարց է: Ինչպե՞ս այն կընդունվի, ինչպե՞ս կարձագանքեն այս հարցին ոչ միայն այնպիսի երկրներն, ինչպիսին Հայաստանն է, այլև Վրաստանը, Ադրբեջանը և Միջին Ասիայի երկրները, որոնք ևս հետևում են այս գործընթացներին, տեսնում են և հետևություններ անում:
– Իսկ, իրականում, ինչպե՞ս կընկալվի:
– Կա իրականություն, որը մենք փոխել չենք կարող: Մենք կարող ենք բացատրել այն, իսկ բացատրությունն այն է, որ տնտեսական հարաբերություններն առաջին պլան են եկել և այդ գործոններն են այսօր որոշիչ, իսկ ինչո՞ւ է այդպես, դրա համար մենագրություն պետք է գրել: Վստահ չեմ, որ դրական արձագանք կգտնի այս ամենը Հայաստանում: Իսկ ինչի՞ կհանգեցնի… չեմ կարծում, որ կհանգեցնի արագ փոփոխությունների: Հայաստանն այնպիսի փայլուն իրավիճակում չէ, որ ընտրության հնարավորություն ունենա, որ ասի. «Մենք սա չենք ցանկանում, մենք այլ տարբերակ ունենք»: Այլ տարբերակներ գոյություն չունեն, բայց պետք է արձանագրել, որ խնդիրները երկկողմ հարաբերություններում կուտակվում են ամեն դեպքում: Հնարավոր է, որ հարևանները, նույնիսկ ամուսիններն իրար հետ ապրեն, հնարավոր է 3 տարի ապրեն, խնդիր առաջանա՝ չլուծեն, և այդ խնդիրները կուտակվեն: Սա կհանգեցնի նրան, որ երկկողմ հարաբերություններում առաջացած խնդիրները կկուտակվեն։ Հասկանալի է նաև այն, որ Հայաստանի ընդդիմադիր շրջանակները կսկսեն օգտագործել այս հանգամանքը, իսկ ինչպե՞ս չօգտագործել այն դեպքում, երբ կա թեմա շրջանառության համար:
– Այնուամենայնիվ հասկանալի է, որ գազի գնի բարձրացումը ունի և տնտեսական, և քաղաքական բաղադրիչ: Այնպես չէ՞:
– Հնարավոր չէ սա հստակ տարանջատել՝ այստեղ միայն քաղաքականությո՞ւն է, թե՞ տնտեսություն: Ես չեմ կարծում, որ գազի գնի բարձրացումը «Գազպրոմի» համար էական կլինի, քանի որ Հայաստանն այդ երկիրը չէ։ Այ, Եվրոպայի դեպքում, եթե ողջ Եվրոպայում ընդունվի, ապա հնարավոր է, որ էական լինի։ Ուստի սա մաքուր տնտեսական հարց դիտարկել հնարավոր չէ, բայց մաքուր քաղաքականություն էլ անվանել հնարավոր չէ, որովհետև դա գումարների հետ է առնչվում:
– Հայաստանում գազի գնի բարձրացման շուրջ վերջին քննարկումներից հետո շատերն են կասկածի տակ առնում Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերություններին: Որքանո՞վ է Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացումը համապատասխանում է երկու երկրների միջև ստրատեգիական գործընկերությանը:
– Կարևոր է հասկանալ, թե ինչ ասել է ստրատեգիական հարաբերություն: Երևի թե կան այլ բաներ, թեմաներ՝ երկկողմ հարաբերությունների համար, բացի «Գազպրոմի»՝ «Հայռուսգազարդում» 100 տոկոսանոց բաժնեմասի հարցից, եթե անկեղծ ասենք: Ես կարծում եմ, որ կան այլ սցենարներ, որոնք երկկողմ մենյուում ավելի կարևոր են. ինչպես անվտանգության հետ կապված հարցերը, ինչպես ԼՂ հակամարտության վերսկսումը թույլ չտալու խնդիրը: Այն ներկայությունը, որը Ռուսաստանն ունի «Հայռուսգազարդում», կարծում եմ, որ բավարար է: Ես սա քննարկում եմ՝ չունենալով մուտք այն ֆինանսական միջոցներին, որոնք կան, ուստի միգուցե տեղեկություններ ունենալով՝ ես էլ կասեի, որ բավարար չէ, պետք է հասցնել 120 %-ի:
– Պարոն Մարկեդոնով, պատահակա՞ն է արդյոք որ գազի գնի թանկացումը Ռուսաստանի կողմից տեղի է ունենում Հայաստանի Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման շեմին:
– Ես այդ բոլոր խոսակցություններին ծանոթ եմ: Ընդունենք, թե Հայաստանը ստորագրում է այդ համաձայնագիրը, բայց վաղը Հայաստանին թույլ կտա՞ն Եվրոպա և միանգամից կտա՞ն ազատ վիզային ռեժիմ: Բնականաբար՝ ոչ: Այն, ինչ Եվրոպան է անում, դա աբստրակտ ինչ-որ գործընթաց է: Դրանք ներքին տեսանկյունից բավականին գրավիչ են թվում, բայց օրինակ՝ «Արևելյան գործընկերությունը» մեկնարկել է 2009 թ., բարելավվե՞լ է արդյոք Եվրոպայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Եվ ի՞նչ, նույնը Ասոցացման համաձայնագրի դեպքում է պետք ասել: Առաջիկայում, միևնույն է, Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չի լինի: Եվրոպան ծանր ճգնաժամ է ապրում ոչ միայն ֆինանսական, այլև ինքնության առումով, ուստի Հայաստանը փորձում է գտնել հենման կետեր, բայց դրանք այն կետերը չեն, որոնք կաշխատեն: Ռուսաստանը փորձում է հասկացնել, որ ավելի լավ հենման կետ, քան ինքն է, գոյություն չունի: Բայց ինձ թվում է, որ ներքաղաքական տեսանկյունից՝ «Հայռուսգազարդի» 100 տոկոսը վերցնելու «Գազպրոմի» փորձը ոչ բոլոր դեպքերի համար է արդյունավետ: Սովորաբար 95 %-ն ավելի արդյունավետ է, քան 100 տոկոսը:








































